Միջադեպ դատարանում. հայտնի լեզվաբան Փ. Մեյթիխանյանը շշով հարվածեց ամբաստանյալի դեմքին. Armtimes.com

  • Իրավունք - 21 Ապրիլի 2017, 14:21
Armtimes.com. Քիչ առաջ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ տեղի ունեցավ Նուբարաշենի խճուղում անցած տարի ամռանը դաժանաբար սպանված Եղիշե Խաչատրյանի գործով դատական նիստի ժամանակ: Այն պահին, երբ մեղադրող դատախազը հրապարակում էր գործով ամբաստանյալների մեղադրական եզրակացությունը, հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը՝ սպանվածի ամուսինը, որը դահլիճից դուրս էր եկել, ներս մտավ եւ պլաստիկե շշով մոտիկից հարվածեց գործով ամբաստանյալ Յուրի Հակոբյանի դեմքին:

Լարված իրավիճակ ստեղծվեց: Ամբաստանյալները սկսեցին գոռալ: Նրանց շտապ հեռացրին դահլիճից, ինչից հետո ամբաստանյալների հարազատները սկսեցին վիրավորել Մեյթիխանյանին: Վերջինս, ամբաստանյալին հարվածելուց հետո մոտեցավ իր համար նախատեսված աթոռին, ձեռքը դրեց գլխին, ակնհայտ էր, որ իրեն վատ էր զգում: Ամբաստանյալների հարազատները գոռում էին, որ պետք է քրեական գործ հարուցեն Մեյթիխանյանի նկատմամբ:

Դատարանը ընդմիջել է նիստը, հայտնի չէ՝ այն կշարունակվի՞, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ 2016 թ. հունիսի 4-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց, ըստ մեղադրանքի, Խաչիկ Կոսյանն ու իր ընկերները վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու պատճառով, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Խաչատրյանը տեղում մահացել է:

Ամենաընթերցվածը