Հայ վրացական սահմանին հայտնաբերվածը զենք չէ, այլ՝ ռազմամթերք

  • Իրավունք - 20 Ապրիլի 2017, 21:26
Forrights.am. «Ումի՞ց և ինչի՞ց պետք է փախնեմ, ի՞նչ եմ արել, որ փախնեմ»,-Վերաքննիչ քրեական դատարանում իր կալանքի դեմ բողոքի քննության ժամանակ, դռնփակ դատական նիստում հայտարարել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում փոխանցեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը: «Բաբայանը խոսեց ու բավականին տեղին խոսեց, հանգամանորեն ներկայացրեց, որ ինքը ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, իրեն անիմաստ են պահում կալանք տակ, ոչնչով հիմանվորված չէ  այն մեղադրանքը,  որն իրեն առաջադրված է: Ասաց, որ ինքը չի փախնի, ինքը  Արցախի հերոս է, պատերազմի հերոս է. պատերազմի ժամանակ չի փախել»,- Բաբայանի`դատարանում հնչեցրած խոսքերը մեջբերեց  Ավետիս Քալաշյանը:

Վերջինս որոշակի մասնրամասներ ներկայացրեց արդեն շուրջ մեկ ամիս ընթացող քրեական գործի նախաքննության վերաբերյալ: Քալաշյանի խոսքով՝ մինչև այս պահը Սամվել Բաբայանի դեմ որևէ անձի ցուցմունք չկա, նա առերեսվել է գործով մյուս մեղադրյալի`Սանասար Գաբրիելյանի հետ:

«Բայց առերեսումը ինչ-որ խոսակցության վերաբերյալ է, որը էական չէ»,- ասաց փաստաբանը:

Քալաշյանի խոսքով`նախաքննության ընթացքում ստացվել է դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն հայ- վրացական սահմանին հայտնաբերվածը ռազմամթերք է, և չի հանդիսանում զենք:

«Զենք չի հանդիսանում.այն  հայտնաբերված վիճակում չի կարող կիրառվել իր նպատակային նշանակությանը համապատասխան, որովհետև անհրաժշետ մասեր բացակայում են»,- ասաց Ավետիս Քալաշյանը:

Փաստաբանը հայտնեց նաև, որ հայտնաբերված ռազմամթերք հանդիսացող առարկայի վրա գործով անցնող անձանցից և ոչ մեկի մատնահետքը չի հայտնաբերվել: Ինչպես հայտնի է, Սամվել Բաբայանի հետ ձերբակալված մի անձին`Սանասար Գաբրիելյանին Բաբայանը ճանաչում է. վերջինս հայտնել է, որ Գաբրիելյանն իր մարտական ընկերն է:

Քալաշյանի խոսքով`իրենց հայտնի է նաև, թե ով է ձերբակալված երրորդ անձը, սակայն Բաբայանը նրան  չի ճանաչում: Այդ անձի վերաբերյալ փաստաբանն այլ մանրամասներ չհայտնեց:

Ինչ վերաբերում է Վրաստանում այս գործի հետ առնչություն ունեցող անձի`Հայաստան տեղափոխմանն, ապա, Քալաշյանի տեղեկություններով`վերջինս դեռ չի տեղափոխվել:

Փաստաբանը դեռևս իր պաշտպանյալի կալանավորմանը քաղաքական ենթատեքստ չի տալիս: Ի պատասխան լրագրողների հարցերին,  վերջինս նշեց, թե ինքը գործը դիտարկում է քրեաիրավական հարթությունում: Թե կալանավորումից մեկ ամիս այս հարցի առնչությամբ ինչպիսին է Բաբայանի կարծիքը, փաստաբանը չհայտնեց:

Քալաշյանի խոսքով`եթե վաղը՝ Վերաքննիչ դատարանը Բաբայանին ազատ արձակելու որոշում չկայացնի, ինքը դիմելու է Վճռաբեկ դատարան: Փաստաբանը չի պատրաստվում իր պաշտպանյալի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդություն ներկայացնել. ասում է, որ իրենք համաձայն չեն կալանքի որոշման հետ, կարծում են, որ առկա չէ  Սամվել Բաբայանին մեղսագրվող արարքների վերաբերյալ հիմնավոր կասկածը:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է մարտի 22-ին`ԱԱԾ-ում մաքսանենգ եղանակով «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարցուցված քրեական գործի շրջանակներում, ապա քննիչի միջնորդությամբ կալանավորվել:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ գործի շրջանակներում կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով: Բաբայանը, սակայն, պնդում է, որ  իրեն մեղսագրվող արարքներն անհիմն են:  

Ամենաընթերցվածը