Սամվել Բաբայանն ու գործարարն առերեսվել են. ինչ հակասություն է եղել. Armtimes.com

  • Իրավունք - 20 Ապրիլի 2017, 20:47
Armtimes.com. Վերաքննիչ քրեական դատարանը վաղը կորոշի՝ ազատ արձակե՞լ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, թե պահել կալանքի տակ:

Այսօր նույն դատարանում մոտ մեկ ժամ քննվում էր շուրջ մեկ ամիս անազատության մեջ գտնվող Սամվել Բաբայանի կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը: Բողոքի քննությանը ներկա է եղել նաեւ ինքը՝ Բաբայանը:

Այդ ընթացքում դատարանի դիմաց էին հավաքվել մեծ թվով մարդիկ՝ Բաբայանի հարազատները, ազատամարտիկներ Սմբատ Հակոբյանը, Գագիկ Մելքոնյանը, քաղաքական գործիչ Արամ Հարությունյանը, ավելի ուշ նրանց միացան նաեւ ՕՐՕ դաշինքից Արմեն Մարտիրոսյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը:

«Բողոքը ներկայացրի վերաքննիչ դստարանում։ Ըստ ինձ՝ նորմալ կարգով ընթացավ բողոքի քննությունը»,- ասաց պաշտպանը: Հարցին՝ Սամվել Բաբայանը հայատարություն արե՞լ է բողոքի քննության ընթացքում, Ավետիս Քալաշյանը պատասխանեց. «Հանգամանորեն ներկայացրեց, որ ինքը ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, իրեն անիմաստ են պահում, ոչնչով հիմնավորված չեն այն մեղադրանքները, որոնք իրեն մեղսագրել են, ինքը չի փախնի, ինքն Արցախի հերոս է, պատերազմի ժամանակ չի փախել։ Այսպես ներկայացրեց՝ ումից եւ ինչի համար պետք է փախնեմ, ինչ եմ արել, որ փախնեմ։ Բնականաբար, գտնում է, որ իր նկատմամբ կալանավորումն անհիմն է եւ խնդրեց կայացնել արդարացի որոշում»։

Ճշտող հարցին ի պատասխան Քալաշյանն ասաց, որ Սամվել Բաբայանն այսօր քաղաքական հայտարարություն չի արել։ Խոսելով Սամվել Բաբայանի՝ քաղաքական բանտարկյալ լինել, չլինելու մասին, պաշտպանն ասաց. «Ես ասել եմ, նորից եմ պնդում, ես՝ որպես փաստաբան, այս հարցին նայում եմ զուտ քրեաիրավական հարթության մեջ։ Ես դեռեւս, շեշտում եմ՝ դեռեւս, որեւէ հիմք չունեմ քաղաքական տեսք տալու այս հարցին»։

Մեր հարցին, թե գործով նշանակված փորձաքննության եզրակացության արդյունքներն արդեն հայտնի՞ են, Բաբայանի պաշտպանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ ստացվել է դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ հայտնաբերված առարկան հանդիսանում է «Իգլա» տեսակի ռազմամթերք. «Զենք չէ, որովհետեւ դա հայտնաբերված վիճակով չի կարող կիրառվել իր նպատակային նշանակությանը համապատասխան, որովհետեւ անհրաժեշտ մասեր բացակայում են, դա ընդամենը ռազմամթերք է։ Այդ եզրակացությանը որեւէ առարկություն չունենք»։

Մեր մյուս հարցին, թե այս ընթացքում Սամվել Բաբայանի մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություն է կատարվել, Քալաշյանը պատասխանեց. «Այս ընթացքում առերեսում է կատավել գործով մյուս մեղադրյալ Սանասար Գաբրիելյանի հետ, որը ինչպես իր նախկին ցուցմունքում, այնպես էլ առերեսման ժամանակ հերքել է այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանը որեւէ առնչություն ունի այդ «Իգլայի» հետ»։ Մեր դիտարկմանը, որ առերեսում կատարվում է ցուցմունքներում էական հակասությունների առկայության դեպքում, պաշտպանը արձագանքեց, որ հակասությունը խոսակցության վերաբերյալ է, որն, ըստ նրա, այդքան էական չէ։ Թե ինչ խոսակցության մասին է խոսքը, Քալաշյանը փակագծեր չբացեց: 

Ավետիս Քալաշյանն ասաց, որ իրենց հայտնի է երրորդ անձի անունը, ում քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, սակայն չնշեց նրա անունը։ Մեր ճշտող հարցին, այնուամենայնիվ այդ երրորդ անձին Սամվել Բաբայանը ճանաչո՞ւմ է, Քալաշյանը պատասխանեց, որ Սամվել Բաբայանը ճանաչում է միայն իր հետ առերեսված Սանասար Գաբրիելյանին, իսկ մյուսներին չի ճանաչում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում