«Երբ քաղաքացին ասում է՝ մեկ է, իրենք են հաղթելու, դա պարարտ հող է վարչական ռեսուրսը չարաշահելու համար»

    • Իրավունք - 18 Ապրիլի 2017, 18:56
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն այս փուլում ամփոփում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում վարչական ռեսուրսի չարաշահման մոնիթորինգի արդյունքները: Կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ վարչական ռեսուրսի չարաշահումն ազդեցություն ունեցել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա, բայց խնդիրը չափերի մեջ է, թե ինչ չափով:

«Հիմա ամփոփում ենք տվյալները և վերլուծություն պատրաստում: Կան կոնկրետ օրինակներ, որոնցով իրավապահ մարմինները, եթե հետաքրքրություն ցուցաբերեն էլ, զուտ ձևական առումով կցուցաբերեն, որ իբր ինչ-որ բան անում են: Բայց իրականում շատ ավելի լուրջ ու խոսուն փաստերն արհամարhվեցին: Մենք տեսանք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության բացահայտած ձայնագրություններով հետևանք չեղավ, ինչը ևս միջնորդավորված վարչական ռեսուրսի չարաշահում էր: Այսինքն՝ երբ մենք ունենք այսպիսի մի պատկեր, դա անպատժելի է մնում, և հասարակությունը, կուսակցությունները որևէ կերպ չեն կարողանում կանխարգելել, դա բնականաբար պետք է շարունակվի և ապագայում շատ ավելի մեծ մասշտաբներ ունենա»,- ասաց Հոկտանյանը:

Դեպքերից մյուսը ՍԱՍ գրուպի մասով հայտնի ձայնագրությունն է, որը փաստում է, որ ընկերության աշխատակիցները պարտադրված են եղել ձայներ հավաքագրել իրենց ղեկավար Արտակ Սարգսյանի համար: Ըստ Հոկտանյանի՝ թեև Արտակ Սարգսյանը գործադիր իշխանության ներկայացուցիչ չէ, բայց անուղղակի կերպով էլի գործ ունենք վարչական ռեսուրսի չարաշահման հետ՝ որպես գործատուի:

«Հարցն այստեղ երևույթի թույլտրելիության և ոչ թույլատրելիության մասին չէ, այլ պատժելիության մասին է»,- ասաց նա:

Ըստ մասնագետի՝ պետք է պարզել, թե ինչպիսին է եղել վարչական ռեսուրսի չարաշահումը նախկինում, ինչքանով են փոխվել մասշտաբները և ամենակարևորը՝ դրսևորումները: Նախնական հնարավոր է ասել, որ ընտրակաշառքի մասշտաբներն այս անգամ շատ ավելի մեծ են եղել: Դա ուղղակիորեն կարող է դիտարկվել վարչական ռեսուրսի չարաշահում միայն այն դեպքում, եթե ապացուցվի, որ այդ ընտրակաշառքի գումարները պետական կամ համայնքային բյուջեներից մսխված փողեր են եղել:

Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ վարչական ռեսուրսի չարաշահումն ավելի արդյունավետ է լինում, երբ մարդիկ չեն տեսնում, թե ինչպես կարելի է ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը:

«Երբ շարքային քաղաքացին ասում է՝ մեկ է, իրենք են հաղթելու, այդ դեպքում վարչական ռեսուրսը չարաշահելը արդյունավետ կլինի: Դրա համար պետք է հասկանալ, թե որքանով է այդ մտայնությունն արամատացած մարդկանց մոտ: Արևմուտքում դա մեծ խնդիր չէ, որովհետև ընտրությունները նորմալ են անցնում, հնարավոր է լինում ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնել: Այդ դեպքում վարչական ռեսուրսը չարաշահելը նույնիսկ ձեռնտու էլ չէ: Իհարկե, դա արվում է, բայց փոքր մասշտաբներով: Իսկ մեր պայմաններում, երբ մարդկանց մոտ կա վստահություն, որ՝ մեկ է, իշխող ուժ է մնալու ՀՀԿ-ն, երբ ընտրությունները չեն բերում իշխանափոխության, դա արդեն պարարտ հող է վարչական ռեսուրսի չարաշահման համար», ասաց նա:

Մասնագետը մտահոգություն ունի, որ նույն իրավիճակը կարող է կրկնվել Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական փուլում: Քաղաքացիների ինչ-որ տոկոս, նրա խոսքով, չի գնա իրենց ղեկավարների հրահանգները կատարելու ճանապարհով, բայց դա մեծ թիվ չի կազմի: Ըստ մասնագետի՝ կարևոր է հասկանալ, որ քվեախցիկում մարդիկ կարող են ազատ իրենց ընտրությունը կատարել: Այդ գիտակցությունը մարդկանց մոտ պետք է լինի: