ՄԻՊ-ը ՊՆ է ներկայացնելու զինծառայողների արտոնությունների վերաբերյալ առաջարկներ

  • Իրավունք - 13 Ապրիլի 2017, 18:29
Մարդու իրավունքների պաշտպանն առաջիկայում պատրաստում է զինծառայողների և նրանց ընտանիքների ֆինանսական և ոչ ֆինանսական բնույթի արտոնությունների տրամադրման վերաբերյալ առաջարկներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանական ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Նախնական քննարկելով պաշտպանության նախարարության հետ առաջարկելու ենք զինծառայողների մի շարք խնդիրների լուծմանն ուղղված ճանապարհներ»,- ասաց Թաթոյանը:
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի` զինծառայողների  իրավունքների պաշտպանության ոլորտում հիմնական խնդիրների մեծ մասը կապված է առողջության պահպանման իրավունքի հետ:
«Անհրաժեշտ է զինապարտների պատշաճ բժշկական փորձաքննության ապահովման իրավունքի ուժեղացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների գործունեության թափանցիկությունը բարձրացնել, ինչպես նաև հստակ կանոնակարգման ենթարկել զիվորական գրքույկներում զինապարտների կցագրման վկայականների ձևերը»,- ընդգծեց Թաթոյանը:
Նրա խոսքով` ՄԻՊ-ը և Պաշտպանության նախարարությունում գործող մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կենտրոնի հետ պարբերաբար իրականացնում են քննարկում են զինծառայողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ: