Իշխանությունը գրոհ է սկսել Դանիել Իոաննիսյանի դեմ

  • Իրավունք - 13 Ապրիլի 2017, 15:45
Նախընտրական գործընթացներում դպրոցների տնօրենների անօրինական ներգրավվածության մասին վկայող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախապատրաստած և հրապարակած նյութը փայլուն ապացույցն է այն բանի, թե ինչպես են հայաստանյան իշխանություններն օգտագործելով իրենց ձեռքի տակ եղած իշխանական ռեսուրսը և լծակները նախապատրաստվում, իսկ այնուհետև իրականացնում «ընտրություններ» կոչվող միջոցառումը։ 

Հասարակական կազմակերպությունն ի ցույց էր դրել վիճակը միայն մեկ ոլորտում։ Վստահորեն կարելի է պնդել, որ մնացած բոլոր ոլորտներում էլ՝ համատիրություններից սկսած մինչև նախարարություններ, մանկապարտեզներից մինչև բուհեր, բիզնես կառույցներ ու տարաբնույթ աշխատանքային կոլեկտիվներ նույն վիճակն է։ Ամենուր կազմվել են ցուցակներ եւ կախվածության մեջ գտնվող ընտրողներին պարտադրել են քվեարկել իշխանական կուսակցության օգտին։ Այսպես եղել է միշտ և այս անգամ այլ կերպ լինել չէր կարող։ 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/ կ այս հրապարակումը ոչ զարմացնող էր և ոչ էլ անակնկալ, բայց որպես փաստագրված նյութ  չափազանց արժեքավոր է։ Նյութի՝ իր անհերքելիությամբ արժեքավոր լինելն է պատճառը, որ ՀՀ իշխանությունները գրոհ են սկսել այս կազմակերպության ու նրա ղեկավար Դանիել Իոնիսյանի դեմ։ Իշխանությունների նախաձեռնությամբ Իոնիսյանի դեմ դատական գործ սկսելը, ցինիզմի բարձրագույն դրսևորում լինելով հանդերձ նաև քաղաքացիական հասարակությանն ուղղված նախազգուշացում է։ Ովքեր կհամարձակվեն փաստարկված, հասցեական ու անհերքելի ապացույցներով ի ցույց դնել ընտրական գործընթացում կամ որևէ այլ բնագավառում իշխանությունների իրականացրած անօրինականություններն ու խարդախությունները, կթիրախավորվեն իշխանությունների կողմից ու կենթարկվեն ամենախիստ ու տարատեսակ հետապնդումների։

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ կարծում է, որ Դանիել Իոնիսյանի դեմ իրականցվող այս հարձակումը պետք է դիտարկել որպես հարձակում ուղղված ողջ քաղաքացիական հասարակության դեմ և առաջարկում է հայաստանյան հասարակական կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին, ոչ իշխանական քաղաքական կուսակցություններին ու գործիչներին հնարավոր բոլոր միջոցներով սատարել Դանիել Իոնիսյանին։

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ

Նախագահ՝ Վարդան Հարությունյան

Ամենաընթերցվածը