Իրավապաշտպանի գործով դատախազի նկատմամբ սանկցիա կիրառվեց

  • Իրավունք - 20 Մարտի 2017, 08:45
Լուսանկարում ձախից աջ՝ Էդգար Պետրոսյան, Մարինա Պողոսյան, Մնացական Մարտիրոսյան
Լուսանկարում ձախից աջ՝ Էդգար Պետրոսյան, Մարինա Պողոսյան, Մնացական Մարտիրոսյան
Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործով մեղադրող դատախազ Էդգար Պետրոսյանը սանկցիայի է արժանացել դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից: Դատախազը չենթարկվեց դատավորի կարգադրությանը, ինչի համար դատավորը զգուշացում տվեց նրան:

Տուժող ճանաչված Արփի Մերասի հարցաքննության ժամանակ դատախազի նյարդերը տեղի տվեցին և նա քիչ էր մնում բանավեճի մեջ մտներ դատավորի հետ: Բանն այն է, որ Արփի Մերասը հարցաքննության ժամանակ հաճախ էր ասում, որ այս կամ այն հանգամանքը չի հիշում: Գործի դրվագներից մեկի վերաբերյալ տուժողը հայտարարեց, թե իրեն ինչպես ասել են, այդպես էլ արել է:

Մեղադրյալ Մարինա Պողոսյանը, ով «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահն է, տուժողին հարց ուղղեց՝ եթե նախկինում իրեն ինչպես ասել են, այնպես էլ արել է, ապա հնարավո՞ր է, որ ներկայումս էլ իրեն ինչ-որ մեկն է ասել, որ իր դեմ ցուցմունք տա: Այստեղ դատախազը պոռթկաց և վեր թռավ տեղից՝ հարցի դեմ առարկելու, ինչի համար սանկցիայի արժանացավ:

Հասկանալի չէ, թե դատախազն ինչից էր այդքան անհանգստացած: Գուցե 81-ամյա Արփի Մերասը միամտաբար ասելո՞ւ էր, որ նախաքննական մարմինն է իրեն ուղորդել իրավապաշտպանի դեմ ցուցմունքներ տալու: Նա ամեն դեպքում նման բան չասաց, քանի որ դատավորը դատախազին նկատմամբ սանկցիա կիրառելուց հետո հանեց Պողոսյանի հարցը:

Սանկցիան դատախազին սաստիկ վրդովեցրել էր, նա նույնիսկ դատաքննության ընթացքում առարկություն էր գրել դատավորի կայացրած որոշման դեմ, որն էլ ներկայացրեց տեղում:

Արփի Մերասի հարցաքննությունը կարող եք դիտել տեսանյութում:

ԱՐՇԱԿ ԴԱՎԹՅԱՆ