Հրազդանում մահացած 11-ամյա Գեղեցիկի հարազատները իրենց երեխայի մահվան մեջ մեղադրում են Հրազդանի բժշկական կենտրոնի բժշկուհուն

  • Իրավունք - 18 Մարտի 2017, 12:44
Այս տարվա փետրվարի 7-ին Հրազդանում 11 տարեկան աղջիկ մահացավ՝ Գեղեցիկ Սոնջյանը: Այսօր երեխայի մահվան 40-րդ օրն է, բայց մինչ այսօր երեխայի հարազատները մահվան հանգամանքների ու պատճառների մասին չէին բարձրաձայնել, քանի որ չունեին մահվան էպիկրիզը: Այսօր, սակայն, երեխայի հարազատները մտածում են, որ երեխայի մահվան պատճառը Հրազդանի բժշկական կենտրոնի մանկաբույժ Մարինե Հակոբյանի սխալ բուժումն է եղել: Իսկ ամեն ինչ սկսվեց հունվարի 17-ից, երբ 11-ամյա Գեղեցիկը առողջական խնդիրներ ունեցավ: Հարազատները պատմում են, որ երեխայի մոտ նկատվել է թուլություն, վերջինս բողոքել է ոտքերի, ձեռքերի ցավից, ջերմել է ու հազացել, իրենք էլ երեխային տարել են ընտանեկան բժշկի մոտ: Վերջինս հանգստացրել է՝ ասելով, որ լուրջ բան չկա, նշանակումներ է արել և ուղարկել տուն, սակայն երկու օր անց երեխայի վիճակը չի փոխվել, և ծնողներն ընտանեկան բժշկին տուն են հրավիրել: Վերջինիս ցուցումով անալիզներ են հանձնել ու բժիշկն ուղարկել է հիվանդանոց՝ մանկաբույժ Մարինե Հակոբյանի մոտ.

«Մարինե Հակոբյանը կաթիլային միացրեց՝ աթոռի վրա նստած ասաց, որ հիվանդանոցը ցուրտ է, տարեք-բերեք: Հիվանդանոց ընդունելու օրը որ անալիզ ենք վերցրել, ռոյան եղելա 50, էտ օրը շատ վատ ենք եղել, չենք հասկացել, 50-ի վրա ինքը պիտի ասեր, շտապ հասցրեք Երևան, որ երեխան բուժվի: Կաթիլային միացրեց, երեխայի ջերմությունը 40 աստիճանից չէր իջնում, սուր բրոնխիտ ախտորոշմամբ ինքը 7 օր էուֆիլին, դեքսամետազոլ ա միացրել, հորմոն, որն էլ նրա դիմադրողականությունը հավասարեցրել է 0-ի: Էդ ընթացքում էստեղ էխո են արել, ռենտգեն, բայց երեխայի մոտ բոլոր օրգանները նորմալ են եղել», - պնդում է տատիկը:

Տատիկի պատմելով՝ 7-րդ օրը երեխայի մոտ ոչինչ չէր փոխվել ու իրենք շտապ երեխային տարան Երևան՝ Արաբկիրի հիվանդանոց.

«Երբ սկսեցին անալիզներ հանձնել, ոչ մի անալիզի պատասխան չէր գալիս, աուտոիմունային համակարգը խանգարված է եղել, ախ էինք քաշում, որ գոնե մի անալիզի պատասխան գար, բժիշկը նույնիսկ ասում էր, որ եթե լեյկոզ էլ լինի, կբուժենք, բայց չէ, բոլոր անալիզները հանձնել էինք, երեխու բոլոր անալիզները ցույց են տվել, որ ինքը առողջ է եղել, էլ գենետիկական անալիզներ, էլ լեյկոզ, բոլորը հանձնվել է: Երեխու մոտ հայտնաբերվել էր միայն Էփշտեյն-Բարրի վիրուս, որն օդակաթիլային ճանապարհով է փոխանցվում ու կարող է հանդիպել ամեն երկրորդ մարդու մոտ, դրանից մարդ չի մահանում: Էտ դեքսամետազոլն էր երեխու ամբողջ օրգանները քայքայել, մակերիկամ գոյություն չուներ»,-պատմեց Գեղեցիկ Սոնջյանը:

Տատիկի խոսքով, իր մյուս երկու թոռներն էլ են վատ զգացել, նրանց էլ են տարել պոլիկլինիկա ու վերջինների մոտ  հայտնաբերվել է Էփշտեյն-Բարրի վիրուս:

«Էս երկուսին էլ շտապ Հրազդանից բժշկական կենտրոնից տեղափոխեցին Երեւան, էնտեղ 1 շաբաթ բուժվեցին ու հիմա վազվզում են մեր տանը ու փաստն այն է, որ էդ երկուսը՝ նույն վիրուսով, տանն են, իսկ Գեղեցիկս անգրագետ Մարինե Հակոբյանի պատճառով ձեռիցս գնաց…»,-ասաց նա:

Երեխայի հարազատները նշեցին, որ Գեղեցիկը գերազանց է սովորել դպրոցում, շատ լավ նկարել: Նրանց խոսքով, մինչ այսօր չեն բարձրաձայնել խնդրի մասին, քանի որ չեն ունեցել մահվան եզրակացությունը եւ չեն ցանկացել անտեղի մեղադրանքներ հնչեցնել: Նրանք համոզված են, որ «Դեքսամեթազոնն» է քայքայել երեխայի օրգանիզմը, որը նշանակվել է Մարինե Հակոբյանի կողմից: Հարցին, թե դատարան կդիմեն, երեխայի հարազատները նշեցին.

«Կդիմեինք, բայց էդ բժշկուհու վրա արդեն կա մեկ այլ դատական գործ, որով նա ազատազրկված է, բայց նա աշխատում է, մենք դիմենք, որ ինչ, որ նորից աշխատի, մեր պահանջն այն է, որ ինքը չպիտի աշխատի և վերջ: Ես դիմում եմ Առողջապահության նախարարին, որ տեսնի, թե ինչ կադրեր ունի: Իմ էրեխեն չկա, ես չեմ ուզում, որ ուրիշ երեխայի կյանք էլ խլի», -ասաց Գեղեցիկ Գևորգյանը:

Նշենք, որ Մարինե Հակոբյանը նախկինում 40 օրական երեխայի մահվան համար 2 տարվա ազատազրկման էր դատապարտվել։ Դատավճիռը դեռեւս ուժի մեջ չի մտել, քանի որ բժշկուհու փաստաբանները Վերաքննիչ բողոք են ներկայացրել։


Ամենաընթերցվածը