Արթուր Սարգսյանի հիվանդության սրացումն ու մահը կարող են կապ ունենալ կալանքի ու պահման պայմանների հետ. փաստաբան

    • Իրավունք - 17 Մարտի 2017, 15:20
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբանների գնահատականով՝ նրա հիվանդության սրացումն ու մահը ուղղակի կապ կարող էին ունենալ կալանքի ու պահման պայմանների հետ: Lragir.am-ի հետ զրույցում Արթուր Սարգսյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանն ասաց, որ նրա մահվան փաստով հարուցված քրեական գործով իրենք այս պահին մի շարք գործողութուններ են իրականացնում, որոնք չի կարող բացահայտել: «Քանի դեռ փորձաքննություն անցկացված չէ, որևէ թուղթ չկա, թե ինչ կապ ունի հիվանդության սրացումը հացադուլի հետ: Բայց մեր գնահատականով՝ ամենաուղղակի կապ կարող է լինել դրանց միջև: Հատկապես երկրորդ անգամ Արթուր Սարգսյանին կալանավորելը անմիջական ազդեցություն կարող էր ունենալ, և դրա հետևանք կարող էր լիներ այս սրացումը»,- ասաց նա:

Քննչական կոմիտեն արդեն հայտարարել է, որ Արթուր Սարգսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Փաստաբան Դավիթ Գյուրջյանի խոսքով՝ քրեական գործի հարուցման շրջանակներում առաջին հերթին պետք է հանձնաժողովային փորձաքննություն կատարվի: Փաստաբանները պնդում են, որ Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությանը պետք է անմիջապես մասնակից դարձվեն միջազգային անկախ դատաբժիշկ փորձագետներ: Նման միջնորդությամբ նրանք երեկ երեկոյան են հանդես եկել: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն այսօր արդեն հայտարարել է, որ միջազգային փորձագետներ ներգրավելու մասին միջնորդությունը բավարարվել է: «Մենք նման միջնորդություն ենք ներկայացրել, քանի որ մեր պարտականությունն է չվստահել նույնիսկ այն դեպքերում, երբ չնչին կասկած կա»,- ասաց Գյուրջյանը:

Արթուր Սարգսյանի պաշտպանները նաև պահանջել են գլխավոր դատախազից, որ «Սասնա ծռեր» խմբի գործով քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանին և գործով անմիջական մասնակցություն ունեցած բոլոր քննիչներին մեկուսացնեն Արթուր Սարգսյանի գործով որևէ գործողության կատարումից կամ դրա վրա ազդեցությունից:

Փաստաբանները սպասումներ ունեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանից: Նրանք արդեն երկու անգամ դիմում են ուղարկել ՄԻԵԴ, որով պնդել են, որ Արթուր Սարգսյանը կալանավայրում խոշտանգման է ենթարկվել, նշել, որ նա կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի: Դավիթ Գյուրջյանի խոսքով՝ կրկին ՄԻԵԴ դիմելու անհրաժեշտություն չկա, պարզապես Արթուր Սարգսյանի իրավահաջորդն է դառնալու դիմումի հասցեատերը: ՄԻԵԴ-ն այս գործով մարտի սկզբին արդեն պարզաբանումներ էր պահանջել ՀՀ կառավարությունից:

Ամենաընթերցվածը