Էդմոն Մարուքյանը մանրամասներ բացահայտեց Արթուր Սարգսյանի գործի վերաբերյալ

  • Իրավունք - 17 Մարտի 2017, 13:18
«Հաց բերող Արթուր Սարգսյանն այսօրվա քաղաքական համակարգի զոհն է, Հայաստանում այն իրավիճակի զոհն է, որտեղ մարդն ընդհանրապես արժեք չի ներկայացնում, մարդու իրավունքները, արժանապատվությունը ընդհանրապես հարգանքի արժանի չեն», այսօր հրավիրած ասուլիսում ասաց Ելք դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ ցանկանում է մի քանի մանրամասներ բացահայտել այն փուլից, երբ Արթուր Սարգսյանը Դատապարտյալների հիվանդանոցում էր ու հացադուլ էր հայտարարել:

Ըստ Մարուքյանի՝ իրենք մշտապես այցելել են Արթուր Սարգսյանին, և յուրաքանչյուր այցելության ժամանակ բժիշկներն ահազանգել են, որ Արթուր Սարգսյանի վիճակը շատ վատ է, հիվանդությունը պրոգրեսիվ բնույթ ունի, և որ զարգանում էր նաև Բեխտերևի հիվանդությունը:

«Բժիշկների բնորոշմամբ՝ նա հիվանդութունների բուկետ ուներ, և հացադուլը նրա օրգանիզմի իմունիտետը գցելով՝ ավելի խոցելի էր դարձնում նրան»:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են Արթուր Սարգսյանին ազատ արձակելուց երեք շաբաթ առաջ, պնդել, որ նա անհապաղ պետք է ազատ արձակվի:

Մարուքյանը մանրամասներ ներկայացրեց դատախազի հետ զրույցից. «Մոտ մեկ ժամ խոսել ենք, նա պնդել է, որ իրենք խափանման միջոցը փոխել են, նորից կալանք կիրառելով, զուտ այն պատճառով, որ նա կարող էր խոչընդոտել նախաքննությանը: Մենք պնդում էինք, որ նա մեկ ամիս ազատության մեջ է եղել, ում հետ կարող էր, արդեն շփվել է: Պնդել ենք, որ նրա առողջությունն անհամատեղելի է խափանման միջոց կալանքի հետ: Գլխավոր դատախազին ներկայացվել է հաև քաղաքական կողմը, որ Արթուր Սարգսյանի հետ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատուն գործող իշխանութունն է: Ասել ենք՝ դու ունես լիազորություն խափանման միջոցը փոխելու»:

Այս հանդիպումից հետո, ըստ նրա, փոխանակ Գլխավոր դատախազը հրատապ միջոցներ ձեռնարկեր, ևս երեք շաբաթ Արթուր Սարգսյանին պահել են կալանքի տակ: Երբ պատգամավորների երաշխավորագիրն ուղարկել են Գլխավոր դատախազություն, Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը դարձյալ ցանկացել են հանդիպել Գլխավոր դատախազին, բայց դատախազը նրանց չի ընդունել: Նրանք հիշեցնում են, որ  Սահամանդրությամբ ու ԱԺ կանոնակարգ օրենքով պատգամավորներն անհետաձգելի հանդիպումների իրավունք ունեն ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Բայց Արթուր Դավթյանը փետրվարի 27-ից մինչև մարտի 5-ը պատգամավորներին չի ընդունել: Այնուհետև մարտի 5-ին տեղեկություն է եղել, որ Գլխավոր դատախազությունը քննարկելու է պատգամավորների միջնոդրությունը, որով էլ Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել:

«Ակնհայտ է, որ Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել երկարատև անմարդակային վերաբերմունքի արդյունքում, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ՀՀ Սահմանադրության խախտում է: Նրան այդ պայմաններում անազատության մեջ պահելը, նախաքննության մարմնի այդ որոշումներն ըստ էության կարելի է հավասարազոր հարթության վրա դնել նպատակային, հետևողական և դիտավորյալ խոշտանգման հետ: Որևէ մեկը չի կարող ասել, որ իրենք չգիտեին, որ Արթուր Սարգսյանն այդ պայմաններում կարող էր մահանալ: Իրենց բառացիորեն ասվել է, որ նա հացադուլից դուրս չի գալիս, թույլ չի տալիս անգամ իր զարկերակը ստուգել, մարդը գնում էր մահվան», ասաց Մարուքյանը: