Գլխավոր դատախազը և արդարադատության նախարարը պետք է պատասխան տան

    • Իրավունք - 16 Մարտի 2017, 23:40
«Հաց բերող» Արթուր Սարգսյանը դարձավ այս իրավապահ համակարգի ու իշխանությունների զոհը: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ հավելելով, որ Արթուր Սարգսյանին դիտավորյալ տարան սպանության:

«Ես դիտավորություն էի տեսնում այն խոշտանգումների մեջ, որոնց ենթարկվում էր Արթուր Սարգսյանը կալանավայրում հացադուլի մեջ գտնվելու ընթացքում: Ինչպե՞ս կարող էին հիվանդության հիմքով նրան ազատ արձակել և մեկ ամիս հետո մեկ այլ հիմքով կալանավորել: Պետք է բացատրություն տան արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը: Նրա մահվան համար առաջին հերթին պետք է պատասխան տան գլխավոր դատախազն ու արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակություն ցուցաբերելու համար մեղադրվող Արթուր Սարգսյանը կալանքից առաջին անգամ ազատվել էր նախորդ տարեվերջին այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նա կալանքի հետ անհամատեղելի Բեխտերևի հիվանդությամբ է տառապում: Որոշ ժամանակ մնալով ազատության մեջ՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ դարձյալ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Արթուր Սարգսյանը որպես բողոքի նշան՝ Դատապարտյալների հիվանդանոցում ավելի քան 25 օր հացադուլ էր հայտարարել: Նրան ազատ էին արձակել պատգամավորների միջնորդության ու վճարած գրավի հիման վրա՝ ծանր վիճակով տեղափոխելով քաղաքացիական հիվանդանոց:

«Մենք բոլորս վկա դարձանք այս սպանությանը, ականտես եղանք, թե ինչպես էր օրեցօր այդ մարդու վիճակը վատանում: Ի վերջո նրան տարան մահվան»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելը բացահայտ ապօրինի էր: Դա ուղղակի կամայական կալանավորում էր, հավանաբար այդպես էր կամեցել բարձրագույն իշխանությունը:

«Ես բազմիցս ասել էի, որ նա պատրաստ է անձնազոհության և եթե հացադուլ էր սկսել, մինչև վերջ գնալու էր: Սպասում էին, որպեսզի նա կոտրվի, բայց նա չկոտրվեց, ինչպես և մենք իրեն պատկերացնում էինք: Մի մարդու համար, ով ուներ բազմաթիվ հիվանդություններ, որոնց մի մասը անհամատեղելի էին բանտային պայմանների հետ, դժվար էր 25 օր գտնվել հացադուլի մեջ: Մյուս կողմից էլ ճնշումներ կային նաև նրա ընտանիքի նկատմամբ: Այսինքն՝ Արթուր Սարգսյանին խոշտանգում էին և ֆիզիկապես, և հոգեբանորեն»,- ասաց իրավապաշտպանը: Ըստ նրա՝ Արրթուր Սարգսյանը գիտակցում էր իր հիավանդությունները, բայց իր ունեցած կամքը ստիպեց, որ նա մինչև վերջ գնար:

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ այնպես չէ, որ հանրությունը լռում էր այդ մասին, աղմուկ էր բարձրացել, բայց իշխանությունները թքած ունեն հանրային կարծիքի վրա:

Իրավապաշտպանը նկատում է, որ Արթուր Սարգսյանի մահվանից հետո բժիշկները վախեցած են բացատրություններ տալիս, լրագրողների հետ կաշկանդված են խոսում:

Նրա խոսքով՝ փաստաբաններն արդեն քայլեր են ձեռնարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար: Ըստ իրավապաշտպանի՝ հայցը ՄԻԵԴ ներկայացնելուց հետո պաշտոնատար անձինք պատասխան պետք է տան այս մահվան դեպքի համար: «Ես կարծում եմ, որ Եվրոպական դատարանում կհասնենք արդարադատության»,- հավելեց նա:

«Եվ հիմա Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որպեսզի նրա մահվան հանգամանքները բացահայտեն՝ շատ լավ իմանալով, թե որն է նրա մահվան պատճառը: Ամբողջ ժողովուրդը պետք  ընդվզի իշխանության դեմ, չպետք է ՀՀԿ ցուցակում ընդգրկված արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի որևէ նախընտրական ելույթը լսեն մարդիկ: Եվ այս իրավիճակում նրանք ուզում են նորից իշխանություն վերցնել: Նրանք նորից գնում են իշխանություն վերցնելու՝ հետևում թողնելով զոհեր»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Ամենաընթերցվածը