12 երեխա ունեցող ազատամարտիկի ընտանիքը զրկվել է ՊՆ գումարից

  • Իրավունք - 16 Մարտի 2017, 18:48
Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանի բազմանդամ ընտանիքը զրկվել է պաշտպանության նախարարության նշանակած գումարից: Այս տարվա հունվարից ընտանիքը տեղեկացել է, որ այլևս դրամական աջակցություն չեն ստանալու, պատճառների մասին տեղյակ չեն:

Նոր Խարբերդում բնակվող այս ընտանիքում կա 12 երեխա: Գագիկ Հովհաննիսյանի կնոջ տեղեկացմամբ՝ իրենք պատրաստվում են նստացույց անել, եթե գումարը չվերականգնվի:

«2014 թվականին նստացույց արեցինք, իմ վեց դպրոցականները դպրոց չէին հաճախում փող չունենալու պատճառով: Նախկին պաշտպանության նախարարը մեզ կցեց Զանգեզուրի պնղձամոլիբդենային գործարանին, ամսական 250 հազար դրամի չափ գումար ստացանք: Բայց այս տարվա հունվարից գումարը կտրել են, չգիտենք ինչու: Դիմել ենք ներկայիս պաշտպանության նախարարին, հունվարի 28-ին նամակ ենք ուղարկել, բայց ոչ մի պատասխան: Նախորդ հինգշաբթի կառավարության շենքի մուտքի մոտ Վիգեն Սարգսյանին խնդրել ենք վերականգնել գումարը: Ասաց՝ կվերանայեմ, բայց դեռ պատասխան չկա: Մեր տունը էլեկտրաէներգիայի պարտքի պատճառով այժմ կալանքի տակ է, մեծ պարտքեր ունենք», պատմեց ազատամարտիկի կինը:

Գումար չունենալու պատճառով ընտանիքի երեխաներից չորսը, որոնցից երկուսը սովորում են իններորդ, մյուս երկուսը՝ չորրորդ և վեցերորդ դասարաններում, արդեն մեկ շաբաթ է դարձյալ չեն հաճախում դպրոց:

«Երեխաները ճղած կոշիկներով են: Ո՞ր երեխան կարող է ուսում ստանալ, որի փորը սոված է կամ կոշիկները ճղած են: Երեխան կոմպլեքսավորվում է իր շրջապատի երեխաներից: Դպրոց չեն գնում, որովհետև կոշիկ չունեն, անհրաժեշտ պիտույքներ չունեն: Ունեն քննություններ, բայց չեն կարողանում նորմալ պարապել», ասաց երեխաների մայրը:

Մանրամասները տեսանյութում


Ամենաընթերցվածը