Ջրառատում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

  • Իրավունք - 14 Մարտի 2017, 17:54
Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը ՀՀ ՔԿ նախագահի կողմից հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Այս մասին տեղեկացնում է ՔԿ մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Նախնական տվյալներով՝ ժամը 13։30-14-ի սահմաններում Ջրառատ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ ինքնաձիգից հնչել են կրակոցներ։

Միջադեպի հետեւանքով՝ երեք անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Ըստ բժշկական նախնական հետազոտության արդյունքների՝ տուժածներից մեկը հրազենային վնասվածք է ստացել ոտքի շրջանում, երկրորդը՝ կտրող-ծակող առարկայի գործադրմամբ՝ մեջքի շրջանում, երրորդը՝ ձախ ձեռքի կոտրվածք։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 112-րդ, 258-րդ եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով։ Ստեղծվել է քննչական խումբ եւ այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը՝ փորձագետների հետ միասին, իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը պարզելու համար, քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։