Միջադեպի հետևանքով ՕՐՕ դաշինքի մեկ անդամ վնասվածք է ստացել

  • Իրավունք - 13 Մարտի 2017, 13:39
«Բերման ենթարկված 6 անձանց արարքներում հանցակազմ չկա». Փաստաբան

Ջրառատ համայնքում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամների և գյուղապետի կողմնակիցների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով դաշինքի մեկ անդամ վնասվածք է ստացել: Այս մասին lragir.am-ին ասաց դաշինքի անդամների շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Փաստաբանն այս պահին մեկնում է Վաղարշապատի քննչական բաժին`մասնակցելու դեպքի առնչությամբ որոշակի քննչական գործողությունների: Փաստաբանը նշեց նաև դատաբժշկական փորձաքննության անհրաժեշտության մասին, սակայն ձեռնպահ մնաց նշել վնասվածքի բնույթի մասին՝ հրազենային է այն, թե ոչ:

«Բերման ենթարկված այն 6 անձանց արարքներում, որոնց շահերը ներկայացնում ենք ես և Ինեսսա Պետրոսյանը, հանցակազմ չկա», վստահեցրեց Մեժլումյանն ու տեղեկացրեց, որ իրենց վստահորդները երեկ դեպքի առնչությամբ որևէ բացատրություն չեն տվել և բոլորն այս պահի դրությամբ ազատ են արձակվել:

Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե մինչև այս պահն ինչ քննչական գործողություններ են կատարվել դեպքի առնչությամբ, արդյոք բացատրություններ տվել են միջադեպի մյուս կողմում գտնվող մասնակիցները, թե ոչ: Լրատվական բաժնից հայտնեցին, որ «միջադեպի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ երեկ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հաղորդագրոթյուն էր տարածել՝ հայտնելով, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում, ուր Դաշինքը քարոզարշավ էր անցկացնում, ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանի կողմից սպառնալիքներ էին հնչեցվել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։ Ըստ հաղորդագրության՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ էր ուղղել:

Այսօր Դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հաստատեց , որ կրակոցներ են եղել, և կրակոցների հեղինակը փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբայրն է՝ Սարի Թաղի դեպքերից հայտնի Լեռնիկ Երանոսյանը:

Հիշեցնենք նաև, որ գյուղապետ Սամվել Գալստյանը փոխոստիկանապետի բարեկամն է, գյուղն էլ՝ Երանոսյանների ծննդավայրը:

Ամենաընթերցվածը