«Նորաշեն 2007» կոոպերատիվի գործունեությունից տուժածները կդիմեն վարչապետին

    • Իրավունք - 30 Նոյեմբերի 2016, 20:31
«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործունեությունից տուժած անձինք առաջիկայում պատրաստվում են դիմել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ակնկալելով, որ իրենց խնդրին լուծում կտրվի: «Ուզում ենք դիմել ու տեսնել, թե ինչ արձագանք կտա այս գործին: Ամեն տեղ դիմել ենք, էլ պաշտոնյա չի մնացել, որ չդիմենք: Եվ բոլորից նույն անհեթեթ պատասխաններն ենք լսում, թե իբր իրենք իրավասու չեն միջամտելու դատական գործընթացին: Բայց ստացվում է, որ մարդիկ կան, որոնք միջամտում են և լավ էլ ներքին կարգով մաքրվում են: Ստացվում է, որ իրենցն անցնում է, բայց երբ ժողովուրդն է դիմում նախագահին ու մյուսներին, ասում են՝ իրավունք չունենք միջամտելու դատական գործընթացին: Բա որ մեր իրավունքները ոտնահարված են, ո՞վ պետք է վերականգնի, եթե ոչ նախագահը, վարչապետն ու արդարադատության նախարարը»,- Lragir.am-ին ասացին բնակիչները:

Բոլորովին վերջերս Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանի վճիռները, ըստ որոնց՝ արդարացվել են այս գործով անցնող մի շարք անձինք, ովքեր գրավադրված բնակարանների դիմաց տոկոսով գումար են տվել շենքի կառուցապատողներին, իսկ այնուհետև տիրացել այդ տներին:

Հիշեցնենք, որ Երևանի Գևորգ Չաուշ փողոցում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի ղեկավարությունը դեռևս 2007 թվականին գումարներ էր հավաքել շենքում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձանցից: Շատերն անգամ վճարել էին բնակարանի ամբողջ գումարը:

Այնուհետև կառուցապատողները հայտնվել էին ֆինանսական դժվարությունների առաջ: Կառուցապատող ընկերության ղեկավարներ Լուսաբեկ Սամվելյանն ու Արմեն Թադևոսյանն առանց բնակիչներին տեղյակ պահելու նրանց կիսակառույց բնակարանները գրավ էին դրել ու տոկոսով գումարներ վերցրել տարբեր անձանցից՝ շենքի շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար:

Բնակարաններից 24-ը գրավ էր դրվել «Էսկո Կոնցեռնի» նախագահ Սարգիս Աղաբեկյանի մոտ, ով ժամանակին ձերբակալվել էր վաշխառության մեղադրանքով, 14-ը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ու նրա ամուսնու՝ ներկայում կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանի, իսկ մնացածը՝ տարբեր անձանց մոտ: Նաղդալյանն ու ամուսինն ավելի վաղ վերադարձրել էին բնակարանների մի մասը:

Բնակիչները թվարկում են տոկոսով գումար տված անձանց անունները՝ Գագիկ Առաքելյան, Հերմինե Նաղդլայան, Դավիթ Բեգլարյան, Արման Աղաջանյան, Վիտալի Մանուչարյան, Ցոլակ Պետրոսյան, Արտաշես Մելիքյան: Կառուցապատողները ևս պնդել են, որ այս անձանց մոտ բնակարանները գրավադրելով՝ տոկոսով գումար են վերցրել: Եվ ահա, բնակիչների խոսքով, «դատարանները տոկոսչիներին մաքրեցին» ու բարեխիղճ գնորդներ ներկայացրեցին, վերջին ատյանը ևս ի վնաս բնակարանների գնորդների վճիռ կայացրեց:

Lragir.am-ի հետ զրույցում բնակիչները նշեցին, որ վերջին բողոքի ակցիաներից ու լրատվամիջոցների ակտիվ լուսաբանումից հետո Դավիթ Բեգլարյանը տները վերադարձնելու խոստումներ է տալիս բնակիչներին, արդեն նման գործընթաց է սկսել:

«Բեգլարյանը որոշ քայլեր արել է, խոստանում է անել: Նա իր բնակիչների հարցերն է լուծում ընդամենը, իսկ մնացածի հարցը մնում է: Դա լուծում է այն բանի շնորհիվ, որ ժողովուրդը գնաց կառավարության մոտ ակցիաների, հարցին հանրային հնչեղություն տրվեց: Իր անունը, Հերմինե Նաղդալյանի անունը հոլովվում էր, դրա համար երևի այդ մարդն ուզում է այդ հարցերը լուծի»,- նշեցին մեր զրուցակիցները:

Իսկ մնացած անձանց գործունեությունից տուժածները դեռևս անորոշության մեջ են, առաջիկայում պայքարը վերսկսելու են:

Ամենաընթերցվածը