Հայաստանում կալանավորվածներին և դատապարտյալներին ծանրոցներ ուղարկելը կարելի է կազմակերպել նաև առցանց

  • Իրավունք - 30 Նոյեմբերի 2016, 11:03
Հայաստանում հանվել է բացառապես կալանավորվածներին պահելու վայրերում կամ ուղղիչ հիմնարկներում գործող խանութներից կամ կրպակից թույլատրելի ապրանքներ գնելու իրավական արգելքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Ըստ նրա` ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» որոշման մեջ:

«Հիշյալ օրենսդրական փոփոխության արդյունքում դյուրացվել է կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև վերջիններիս հարազատների կողմից օրենսդրությամբ չարգելված իրեր ձեռք բերելու գործընթացը՝ միաժամանակ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը»,- նշեց Քրմոյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ դյուրացվել է նաև կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների կողմից վերջիններիս ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ բերելու գործընթացը՝ կազմակերպելով այն առցանց պատվերի եղանակով: «Սկսած 2016 թվականի հունվարի 26-ից կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատները կարող են առանց քրեակատարողական հիմնարկ այցելելու՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնական ինտերնետային կայքէջի (www.ced.am) միջոցով վերջիններիս ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթն եր փոխանցել նաև առցանց եղանակով: Առցանց խանութի ծառայությունները ներդրված են ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր»  և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում»,- ասաց Քրմոյանը:

Ամենաընթերցվածը