ՀՔԱՎ: «Նալբանդյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռն ամբողջությամբ չի կատարվել

  • Իրավունք - 29 Նոյեմբերի 2016, 16:22
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը  2016 թ․ նոյեմբերի 7-ին ՄԻԵԴ վճիռների կատարման վարչություն է ներկայացրել «Նալբանդյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարման մասին տեղեկանք։

Տեղեկանքով ընդգծվում է այն հանգամանքը, որ Կառավարությունը չի ապահովել վճռի ամբողջական կատարում. վատ վերաբերմունքի դեպքերով պատշաճ և ամբողջական քննություն չի տարվում, և վատ վերաբերմունք կիրառող ծառայողները մնում են անպատիժ: Այսպիսով՝ վատ վերաբերմունքի խնդիրը դեռևս չի ստանում համակարգային և վերջնական լուծում:

Հիշեցնենք՝ «Նալբանդյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով Դատարանը մասնավորապես արձանագրել է, որ տեղի է ունեցել  Կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում) և 6-րդ (Արդար դատաքննության իրավունք) հոդվածների խախտումները, որոնք նոր հանգամանք են  նախկինում կայացված  դատական ակտերի  վերանայման  համար:

Հիմք ընդունելով ՄԻԵԴ վճիռը՝ Նալբանդյանների փաստաբան Սեդա Սաֆարյանը 2015 թ. սեպտեմբերի 11-ին բողոք է ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան՝ նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելու պահանջով: Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել բողոքը, ապա 2016թ. հունիսի 24-ին բավարարել այն, սակայն մինչ օրս բողոքաբերները չեն ստացել Դատարանի որոշումը. երկու քրեական գործերը չեն ուղարկվել նոր քննության, իսկ դատապարտյալներից Նարինե Նալբանդյանը պատժի մեծագույն մասը՝ 13 տարի, արդեն անցկացրել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Փաստաբանի՝ որոշումներն ստանալու պահաջով Վճռաբեկ դատարան ներկայացրած դիմումներն անպատասխան են մնացել:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Ամենաընթերցվածը