Ռոսնեֆտը Յուկոսի գործով հայ դատավորներին ստիպել է վճիռներ կայացնել իր օգտին. FT

  • Իրավունք - 28 Նոյեմբերի 2016, 16:56
Ռուսական Ռոսնեֆտ նավթային ընկերության իրավաբանները մանիպուլյացիաներ են իրականացրել Հայաստանի դատական համակարգի նկատմամբ և խլել Յուկոս ընկերությանը պատկանող հարյուր միլիոնավոր դոլարի ակտիվները, գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված մի շարք նամակների: Խոսքը Յուկոսի հայաստանյան դուստր ձեռնարկության՝ Yukos CIS ընկերության՝ 400 միլիոն դոլարի հասնող ակտիվների մասին է:

Էլեկտրոնային նամակները վկայում են, որ Ռոսնեֆտի ներկայացուցիչների հրահանգով Հայաստանի դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը 2010 թվականին վճիռ է կայացրել Yukos CIS ընկերության վերաբերյալ:

Այս գործով դատավորներից մեկը՝ Սուրիկ Ղազարյանը, 2011 թվականի ճնշման տակ հրաժարական է տվել և քաղաքական ապաստան ստացել ԱՄՆ-ում: Հոլանդական դատարանին տված ցուցմունքում նա նշել է, որ Յուկոսի գործով վճիռներն իրեն վերևից են պարտադրվել:

Էլեկտրոնային նամակները վկայում են, որ 2010 թվականի հունիսին Ռոսնեֆտի իրավաբանները ժամանել են Հայաստան այն բանից հետո, երբ հոլանդական դատարանը վճիռ էր կայացրել, որով կասկածի տակ էր դրվել Yukos CIS-ի նկատմամբ Ռոսնեֆտի սեփականության իրավունքը:

Financial Times-ը բացահայտել է, որ Հայաստանում Ռոսնեֆտի ներկայացուցիչ Էդուարդ Մուրադյանը 2010 թվականին երկու անգամ հրահանգներ է ուղարկել Հայաստանի իրավական համակարգի բարձր պաշտոնյա հանդիսացող Արմեն Նիկողոսյանին: Նիկողոսյանն այդ ժամանակ Հայաստանի դատախազության պետական շահերի պաշտպանության դեպարտամենտի ղեկավարն էր:

Նամակները բացահայտում են նաև, որ Ռոսնեֆտի իրավական թիմը Yukos CIS-ի գործով համապատասխան տեքստեր է ուղարկել Հայաստանի դատարան: Օրինակ, 2010 թվականի հոկտեմբերի 18-ին Ռոսնեֆտի իրավաբանները Էդուարդ Մուրադյանին փաստաթուղթ են ուղարկել, որը վերնագրված է «դատարանի հավանական որոշումը»:

Դատավոր Ղազարյանն ավելի ուշ պատմել է, որ այլ ելք չի ունեցել, քան Ռոսնեֆտի օգտին վճիռ կայացնելը: Նրա խոսքով, Յուկոսի գործով բոլոր դատավորներից պահանջել են կամ ենթարկվել վերևից եկող հրահանգներին կամ էլ հետևանքները դաժան կլինեն: 

Ամենաընթերցվածը