Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գործելու է դատապարտյալների տեղեկատվական ռեգիստր

  • Իրավունք - 28 Նոյեմբերի 2016, 09:47

Հայաստանում ավարտին են հասցվել քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ շուրջ մեկ տարի առաջ մեկնարկած քրեակատարողական հիմնարկներում էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Սուրեն Քրմոյանը:

«Այս նախաձեռնության նպատակն է մշակել քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ապահովել ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքների համապարփակ վերլուծությունը, ինչպես նաև ներդնել հսկողության գործուն միջոցներ»,-  ասաց Քրմոյանը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրեց, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և VXsoft ընկերության մասնագետների կողմից մանրամասն նախագծվել և մշակվել է «Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստրը», որն աննախադեպ է իր մասշտաբով և տեխնիկական հնարավորություններով:

«Համակարգն ամբողջությամբ ներառում է կալանավորված անձանց և դատապարտյալների պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի կրման ռեժիմների փոփոխման, տեսակցությունների, ուսման, աշխատանքի, ինչպես նաև կարևորություն ներկայացնող այլ տեղեկություններ: Ընդ որում՝ լուսանկարելու, մատնահետքեր վերցնելու, ինչպես նաև տեսանկարելու ողջ գործընթացն իրականացվելու է թվայնացված եղանակով՝ արխիվացվելով յուրաքանչյուր անձի անվանական թղթապանակում»,- ընդգծեց  Քրմոյանը:

Ռեգիստրն օժտված է լինելու այնպիսի տեխնիկական հնարավորություններով, որի շնորհիվ հետագայում նախատեսված է ՀՀ  իրավապահ համակարգերում գործող այլ տեղեկատվական ռեգիստրների կապի ստեղծումը՝ միջազգայնորեն ճանաչված չափորոշիչների պահպանմամբ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում պատշաճ և նպատակային հսկողություն իրականացնելու նպատակով: