Վահան Բադասյանը հրավիրվել է Ստեփանակերտի քննչական գլխավոր վարչություն

    • Իրավունք - 27 Նոյեմբերի 2016, 11:25
Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանն այսօր հրավիրվել է Ստեփանակերտի քննչական գլխավոր վարչություն հարցաքննության։ Lragir.am-ի հետ զրույցում նա նշել է, որ իրեն հրավիրել են Քննչական լրացուցիչ հարցերի համար։

«Հարցեր են առաջացել նյութերի հետ կապված։ Չգիտեմ՝ ինչ հարցեր կլինեն, բայց կարող եմ ասել, որ կոռուպցիոն գեներալների գործունեության վերաբերյալ այս խնդիրը, փաստորեն, հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել և դարձել վստահության լակմուսի թուղթ Կարեն Կարապետյանի կառավարության և Վիգեն Սարգսյանի համար։ Նրանք փորձում են հասարակությանը հավատացնել, որ այսուհետ այլ կերպ են աշխատելու, արդարություն է լինելու, իրենց գործունեության ձեռագիրը հստակ է, ու այդ համատեքստում սա լակմուսի թուղթն է»,- ասել է Վահան Բադասյանը։

Նրա խոսքով՝ շուտով հասարակությունը կտեղեկանա, թե նրանք ինչ վերաբերմունք են ցուցաբերում կոռուպցիայի, կաշառակերության, օրինախախտումների ու խոշոր չափի հանցագործությունների վերաբերյալ. սա հասարակ հարց չէ, քանի որ վերաբերում է մեր բոլորի սրբություն սրբոց բանակին։

«Ինչպե՞ս կարելի է պաշտպանության նախարարի և պետական պաշտոնյաների կողմից այդքան ուշադրության կենտրոնում լինի սպան, բանակը, և մյուս կողմից թույլ տան գողություններ կատարվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե Մովսես Հակոբյանը պատասխանատվության կանչվի, ապա ինքը կհամարի, որ բանակը գտնվում է հուսալի ձեռքերում, պաշտպանության նախարարությունը հուսալի ձեռքերում է գտնվում, ՀՀ կառավարությունն էլ կարող է ինչ-որ բան փոխել, հակառակ դեպքում՝ ոչ։

Հարցին՝ կա արդյոք կամք բացահայտելու կոռուպցիոն հանցագործությունները, Բադասյանն արձագանքել է. «Այսօր կերևա իրենց լրացուցիչ հարցերից։ Դեռ չեմ կարող ասել, կանխակալ հայտարարություն չեմ ուզում անել, օբյեկտիվ լինելով ուզում եմ հավատալ քննչական մարմիններին»։

Նա չի բացառել, որ այլ գեներալների մասով ևս քննություն սկսի։

Ամենաընթերցվածը