ՄԻԵԴ աննախադեպ վճիռը Հայաստանի մասով. Սա միայն սկիզբն է

  • Իրավունք - 25 Նոյեմբերի 2016, 14:28
ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել բանակում կյանքի իրավունքի խախտման փաստով

Երեկ մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է  Ղարաբաղում զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայող Սուրեն Մուրադյանի կյանքի իրավունքի խախտման փաստով վճիռ, որով պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը՝ Մուրադյաններին հատկացնել 50 հազար եվրո փոխհատուցում՝ փաստելով, որ իրավասու մարմինները պատշաճ քննություն չեն կատարել զինվորի մահվան համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար։

Նշենք, որ ՄԻԵԴ-ն առաջին անգամն է բանակում մահվան դեպքով վճիռ հրապարակում: Զինվորի հայրը` Հրաչ Մուրադյանը Եվրոպական դատարան էր դիմել 2007 թվականին: Փաստորեն, ՄԻԵԴ-ումը գործը քննվել է շուրջ 10 տարի և արձանագրվել, որ խախտվել է զինվորի կյանքի իրավունքը:

Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ Սուրեն Մուրադյանը բանակ էր զորակոչվել 2001թվականին: Զինվորի մահվան դեպքը տեղի է ունեցել զորակոչվելուց մեկ տարի անց` 2002-ին:

Մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը լսվել է «Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում»: Մուրադյանի հայրը` Հրաչյա Մուրադյանը ներպետական ատյաններում պայքարել է առանց փաստաբանի, սակայն բողոքը ՄԻԵԴ ներկայացրել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Զինծառայող Հրաչյա Մուրադյանը մահացել է իր նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնության արդյունքում, սակայն պաշտոնական վարկածի համաձայն՝ մահվան պատճառը մալարիա հիվանդությունն էր: Փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշեց, որ պաշտոնական կողմը տարբեր վարկածներ է առաջ քաշել` ապացույցների իսպառ բացակայության պայմաններում:

Սակայն զինծառայողի հայրը` Հրաչյա Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քննության ընթացքում իրեն հաջողվել է անհերքելի ապացույցներ ձեռք բերել որդու խոշտանգման փաստով: Զինծառայողին դաժան ծեծի են ենթարկել, ընդ որում երկու անգամ: Առաջին անգամ վնասել են նրա փայծաղը, իսկ 10 օր հետո երկրորդ անգամ նրան ծեծի ենթարկելիս հարվածել են նույն տեղին, և զինվորը մահացել է  առաջացած ներքին սուր արյունահոսության հետևանքով: Զորամասից  նրան հիվանդանոց են տեղափոխել որպես ինֆեկցիոն հիվանդի, «այն դեպքում, երբ երեխաս ծեծված, ջարդված էր», վերհիշեց հայրը:

«Քրեական գործն ամբողջությամբ կեղծված էր, շուրջ 10 զինծառայողներ նույն ցուցմունքն էին տվել, ինչը շատ կասկածելի էր: Դրանք հորինված, իրականության հետ կապ չունեցող ցուցմունքներ էին», նշեց հայրը:

Զինծառայողին բռնության են ենթարկել զորամասի հրամանատարի տեղակալն ու հրետանու պետը, որոնց անգամ մեղադրանք չի առաջադրվել: Զինվորի նկատմամբ դաժան վերաբերմունքի պատճառը 100 դոլարն է եղել` արձակուրդ ուղարկելու պայմանով: ՄԻԵԴ վճռում հիշատակված են զինվորի մահվան համար պատասխանատուների անունները:

Զինվորի հայրն ասում է, որ որդու կորուստն անդառնալի է, սակայն «իմ երեխայի արյունով ուրիշ երեխաների արյունն է փրկվել: Ես իմ որդու հիշատակի համար եմ պայքարել, դա իմ պարտքն էր»:

ՄԻԵԴ կայացրած այս վճիռը շատ կարևոր է և պետք է որ ուղղակի նշանակություն ունենա ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների գործերի անաչառ քննության համար, իսկ որ ամենակարևորն է՝ բանակի ղեկավարությունը համապատասխան եզրահանգումներ պետք է անի՝ կանխելու համար բռնության մթնոլորտը բանակում, ինչի արդյունքում տարեկան մի քանի տասնյակ զինծառայողների մահվան դեպքեր են գրանցվում:

Նշենք նաև, որ մահվան դեպքերով բազմաթիվ գործեր են ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և այս գործով վճիռն ընդամենը սկիզբն է:

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ