Զինծառայողի հարազատները դիմում են պաշտպանության նախարարին

  • Իրավունք - 25 Նոյեմբերի 2016, 11:43
Forrights.am. Զինծառայող Արմեն Ադամյանը բանակ է զորակոչվել բազմաթիվ հիվանդություններով: Զորակոչելիս զինվորական բժիշկները գտել են, որ նրա հիվանդությունները զարգանալու հեռանկար չունեն և այդ հիմքով էլ զորակոչել են, սակայն տեղի է ունեցել հակառակը. զինվորի առողջական վիճակը վատթարացել է: Արդեն 1 տարի 10 ամիս զինվորական ծառայության մեջ գտնվող Արմենը ծառայության զգալի մասն անցկացրել է հոսպիտալներում: Վերջերս նրան վիրահատել են, սակայն հիվանդությունը կրկնվել է  և պատշաճ բուժօգնություն չի ստանում: Զինծառայողի հարազատները խիստ մտահոգ են որդու առողջական վիճակով և խնդրում են պաշտպանության նախարարի միջամտությունը: 

Ստորև ներկայացնում ենք դիմումն ամբողջությամբ:

Մեծարգո պարոն նախարար,

Որդիս՝ Արմեն Օնիկի Ադամյանը (ծնված 30.09.1992թ.-ին, Աշտարակի զ/կ), ներկայումս պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն է անցնում ՀՀ ՊՆ 51036 զորամասում: Մինչ զորակոչվելը նա մեկ անգամ 1, մեկ անգամ 3 տարով տարկետում է ստացել՝ աչքերի կեռատոկոնուս հիվանդության պատճառով, սակայն 2015թ.-ի հունվարի 15-ին հիվանդությունը չզարգանալու հիմքով նա համարվել է պիտանի զինվորական ծառայության և զորակոչվել բանակ՝ նաև առկա այլ առողջական խնդիրներով, մասնավորապես` կեռատոկոնուս հիվանդության հետ զուգորդվող աչքերի չկարգավորվող աստիգմատիզմ, հավկուրություն, գարնան կատար հիվանդություններով, սրտի առիթմիա, հաճախամիզություն, դժվարամիզություն, աղիքի ճաք...

Ծառայության անցնելուց հետո ի հայտ են եկել մի շարք խնդիրներ՝ հատկապես կապված աչքերի մոտ առկա բազմաթիվ հիվանդությունների հետ:   Անհանգստացած լինելով որդուս առողջական վիճակով՝ բազմիցս դիմել եմ ՀՀ ՊՆ նախկին նախարար պարոն Ս. Օհանյանին(11.02.2015թ., 06.05.2015թ, 11.08.2016թ.... )՝ իրավիճակը շտկելու և խնդրին լուծում տալու խնդրանքով,  ինչի արդյունքում մի քանի անգամ հետազոտություններ իրականացնելուց հետո, վերջապես, 2015թ.-ի դեկտեմբերին կատարվեց աչքերի վիրահատություն, սակայն արդեն աջ աչքի տեսողության գրեթե բացակայության պայմաններում:

Մինչ այդ «գարնան կատար» հիվանդության համար ստուգող բժշկի կողմից ցուցվել է բուժման անհրաժեշտություն, սակայն ոչինչ չի արվել: Վիրահատությունից հետո, վիրահատող բժշկի կողմից(Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում) նշանակվել է կոնսուլտացիա 6 ամիս անց՝ պայմանավորված տեսողությունը ակնոցով շտկելու անհրաժեշտությամբ, սակայն մինչ այժմ տեսողության շտկման հետ կապված ոչ մի քայլ չի արվել. մեկ անգամ ձևական ներկայացվել է Մուրացանի անվան զինվորական հոսպիալ, սակայն տեղի բժիշկների կամայականության արդյունքում ձևական ստուգումներից հետո առանց որևէ միջամության վերադարձրել են զորամաս(իսկ զուտ ստուգումը չի կարող տեսողություն շտկել):

Ծառայության ընթացքում ամիսներ ի վեր գանգատվել է նաև ուղիղ աղիի ցավերից և արյունահոսությունից, և կրկին նույն Մուրացանի հոսպիտալի բժիշկների կամայականության արդյունքում ոչ մի բժշկական օգնության չի ենթարկվել, քանի դեռ չի հասել ծայրահեղ վիճակի, ինչից հետո միայն, 2016թ.-ի հուլիսին, Շամշադին քաղաքի զինվորական հոսպիտալում  ենթարկվել է ուղիղ աղիի երեք ճաքերի վիրահատության, որից ընդամենը մեկ ամիս անց հիվանդությունը կրկնվել է, և կրկին ոչինչ չի ձեռնարկվում՝ խնդրին լուծում տալու համար:

Որդիս գանգատվում է նաև աջ աչքի տեսողութան բացակայությունից, ինչպես նաև ձախ աչքի տեսողության անկումից, ինչը մեծ խոչընդոտ է հանդիսանում նրա ծառայության հետագա ընթացքն ապահովելու համար:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ստիպված եմ ևս մեկ անգամ դիմելու Ձեզ՝ խնդրին լուծում տալու խնդրանքով և որդուս առողջական խնդիրներին ավելի լուրջ ուշադրություն դարձնելու ակնկալիքով:

Հարգանքով՝ Բավական Ղազարյան