20 ավտոմեքենաներով ինքնությունը չպարզված մի խումբ անձինք փակել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մուտքը

  • Իրավունք - 24 Նոյեմբերի 2016, 18:32
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ 2016թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, մոտ 20 ավտոմեքենաներով ինքնությունը չպարզված մի խումբ անձինք, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, անտեսելով քրեակատարողական հիմնարկում ծառայություն իրականացնող հերթապահ խմբի գլխավոր մասնագետի օրինական պահանջը, իրենց ավտոմեքենաները կայանել են քրեակատարողական հիմնարկի արգելապատնեշի մուտքի առջև և սահմանափակել քրեակատարողական հիմնարկի տարածք ազատ ելումուտը՝ այդ կերպ մոտ երկու ժամ տևողությամբ խաթարելով «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի բնականոն գործունեությունը: Այս մասին հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազությունը:

Փաստի առթիվ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու:

Ամենաընթերցվածը