Երեք ամսվա ընթացքում Ֆիրդուս թաղամասի բնակիչների խնդիրները կլուծվեն

    • Իրավունք - 23 Նոյեմբերի 2016, 17:09
Երևանի իրացման գոտի ճանաչված 33-րդ թաղամասի (Ֆիրդուս) բնակիչների բնակարանային խնդիրները նախատեսվում է ամբողջովին լուծել մոտ երեք ամսվա ընթացքում: Այս մասին Lragir.am-ի հարցին ի պատասխան ասաց վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը: 

Նա նշեց, որ վերջին 4-5 ամիսների ընթացքում բնակիչների փոխհատուցման ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել, գործընթացը շարունակվում է:

«Չորս-հինգ ամսում 50 տոկոս սպասարկվել է, 5600 մետր բնակարանի պահանջ կամ բնակարանով կամ գումարով սպասարկվել է»,- ասաց նա:

Թաղամասի նախկին բնակիչներին բնակարաններ են առաջարկվում մի քանի վայրերում՝ հիմնականում նորակառույց շենքերում: Բնակիչները բողոքում են, որ իրենց պայմանագրերում նշված է, թե վերանորոգված բնակարաններն են ստանալու, բայց կառավարությունն այսօր իրենց բնակելի տարածքներ է հատկացնում միայն, որոնք վերանորգման կարիք ունեն: Այդ պատճառով որոշ ընտանիքներ հրաժարվում են այս փոխհատուցումից: 

Ի պատասխան այս բողոքների՝ Հայկ Դավթյանն ասում է. «Իրենց պայմանագարի կողմն ո՞վ է, այդ պայմանագրի կողմը սնանկ է այսօր: Մենք պահանջում ենք մի սնանկ սուբյեկտից պարտավորության կատարում, որն ինքը կյանքում չի կարող կատարել: Մեր բանակցությունների ու ամենօրյա աշխատանքի արդյունք է, որ կարողացանք այս տները ստանալ և մարդկաց առաջարկել: Մարդիկ վկայականներ են ստանում այսօր: Եթե վերանորոգված չէ, փող է չէ՞ ինքը ստանում, մենք հաշվել ենք, որ վերանորոգման գումարն այսքան է: Ուզում ես, փողը վերցրու, մակերեսն այսքան է, եթե չես ուզում գումարը վերցնել, մակերեսն ավելանում է, ուրիշ տուն ենք տալիս: Այսինքն՝ ինքը բալանսավորված է, 100 քմ-ոց տուն կլինի, թե 90 քմ, դա կախված է նրանից, թե ինքը ռեմոնտի փող ուզում է, թե ոչ: Եթե մարդ 100 քմ տարածքով տուն է ուզում, ասում է՝ ես ռեմոնտը կանեմ, հետո բողոքում է, այդպես չի լինում: Այնպես չէ, որ ակտիվները դրված են, և ինչ-որ մեկը չի ուզում տալ իրենց: Մեր խնդիրը բոլորին բավարարելն է»,- ասաց կառավարության պաշտոնյան:

Հայկ Դավթյանի խոսքով՝ այսօր իրացման գոտիներից մոտ 150 ընտանիքի խնդիր է մնացել չլուծված՝ մոտ 100 ընտանիք Կոնդից, 50-55-ը՝ Ֆիրդուս թաղամասից: Նա հավատացնում է, որ նոր իրացումների դեպքում այլևս նման վիճակ չի ստեղծվի, օրենսդրական փոփոխություներ են եղել:

«Իրացման պահին այլևս բնակիչն ստանում է համապատասխան փոխհատուցումը, եթե տուն է, ուրեմն տուն է ստանում հենց այդ պահին, ոչ թե երեք ամիս կամ երեք տարի հետո: Հիմա մենք իրացում ենք անում Ֆիրդուսում ու Գլխավոր պողոտայում: Մարդը տեսնելով հին իրացվողների վիճակը, բանական է չէ՞, որ չի համաձայնվում երեք տարի հետո տուն տալու պահանջին: Եվ մենք էլ ստիպում ենք, որ հենց հիմա այդ մարդուն բնակարանով ապահովեն: Մտնում են նոտար, մեկ պայմանագրով ստանում է իր նոր տունը, մյուսով օտարում է հինը»,- նշեց Հայկ Դավթյանը:

Ամենաընթերցվածը