Պարոն վարչապետ, ձեր արդարադատության նախարարը ոչ մի քայլ չի ձեռնարկում

  • Իրավունք - 22 Նոյեմբերի 2016, 20:42
Forrights.am. 11 ամիս շարունակ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:  Ձերբակալվել է առողջ, սակայն հիմա վերածվել է հաշմանդամի՝ ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, իր պաշտպանին հանդիպելու համար խցից մինչև տեսակցության սենյակ հասնում է  ձեռնափայտով, 15րոպերից ավել չի կարողանում նստած մնալ և զրուցել: Այդ պայմաններում ինքը մի օր չի կարող ապրել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահազանգել է Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը: 

«Նա ինձ փաստ ասեց, որն ինձ ցնցեց։ Նա երեք ամիս չի կարողացել լոգանք ընդունել, որովհետև դրա համար անհրաժեշտ է մի հարկ իջնել և ցնցուղի տակ կանգնել, ինքը ի վիճակի չէ: Գնալով ավելի ու ավելի մեծ տագնապ է առաջացնում այս վիճակը, և մենք սկսում ենք մտածել, որ կա որոշակի միտում անել այնպես, որ ինքն այլևս երբեք իր կենդանության օրոք չկարողանա ազատություն դուրս գալ: Հենց այս պահին էլ ես ուղղակի ահազանգում եմ, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է», -  լրագրողներին ասել է փաստաբանը:

Հայկ Ալումյանն ասում է  անցյալ շաբաթ լրագրողների մուտքը կալանավայր արգելվեց, որպեսզի չտեսնեն Շիրխանյանին, որի արտաքին տեսքը վկայում է, որ նրան այնտեղ աստիճանաբար սպանում են։

Նա իր դժգոհությունը հայտնեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից և ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանից, ովքեր առհասարակ չեն արձագանքել Հայկ Ալումյանի բողոքին։ «Մենք ունենք ԱՆ և ՔԿՎ, որոնք իրենց իրավունք են վերապահում ընդհանրապես չպատասխանել նամակների՝ ոչ թե մերժել, կամ վերահասցեագրել։ Այսպիսի փնթի աշխատանք որևէ այլ նախարարությունից, կազմակերպությունից, թաղապետից, կամ համայնքապետից չեմ հանդիպել իմ վերջին տարիների պրակտիկայում»:

Ալումյանի բողոքներին արձագանքել է միայն Մարդու իրավունքների պաշտպանը ով  արձանագրել է առողջության պահպանման իրավունքի խախտում և առաջարկել ՀՀ արդարադատության նախարարին Վ.Շիրխանյանին տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց և պատշաճ բուժում իրականացնել: Ալումյանը նկատեց. որ Մարդու իրավունքների պաշտպանն իր աշխատանքով կոմպենսացրեց այս երկու սուբյեկտների փնթիությունը:  

Փաստաբանը արդեն իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ է ներկայացրել խոշտանգումների հիմքով: Այժմ այդ գանգատով Ստրասբուրգում զբաղվում է փաստաբանական խումբ: «Շատ մեծ շանսեր ենք տեսնում, որ դա կարող է քննվել արագացված ընթացակարգով և լուծումը ստանալ մոտ ամիսներին»,- ասաց  Հայկ Ալումյանը:

«Եվրոպական դատարանը իր լծակներով մեր կառավարությանը կստիպի անել այն, ինչը պարտավոր էր անել: Եվ հարգարժան վարչապետը հերթական անգամ կզարմանա, թե ինչու է Հայաստանի Հանրապետությունը գումարներ կորցնում ՄԻԵԴ վճիռների արդյունքում, որովհետև, պրն. վարչապետ, ձեր արդարադատության նախարարը ոչ մի քայլ չի ձեռնարկում այն քայլերից, որ պարտավոր է ձեռնարկել նախ որպեսզի Վահան Շիրխանյանը չհասներ այդ վիճակին կամ գոնե այսօրվա վիճակից ելք գտնելու համար»:  

Հայկ Ալումյանը տեղեկացրեց նաև, որ այս ընթացքում Վահան Շիրխանյանը թոքի ինֆարկտ է տարել,  նրան վիրահատել են և անոթի մեջ ֆիլտր տեղադրել, որպեսզի արյան մակարդուկները չխցանեն անոթները: Այժմ այդ ֆիլտրը տեղից շեղվել է, ոտիկներով խրվել արյունատար անոթի մեջ, ինչը ծայրահեղ վտանագավոր է նրա առողջության համար՝ եթե ոտիկները ծակեն անոթը, տեղի կունենա արյունահոսություն: 

«Եթե մենք հիմա բոլորի ուշադրությունը չհրավիրենք այս խնդրին, մի քանի ամիս հետո պրն. Շիրխանյանը կարող է արդեն մահացած լինել, ու այս ամեն ինչն արդեն ավելորդ լինի: Նա պարզապես կարող է իր դատի օրվան չհասնել, նա պարզապես կարող է չկարողանա գալ դատարան, իր առողջական վիճակից  ելնելով`ուղղակի անհնարին է»:

Ամենաընթերցվածը