Իրացման գոտիների բնակիչների իրավունքների խախտման վճիռներով վճարվել է 330,000 եվրո

    • Իրավունք - 22 Նոյեմբերի 2016, 13:02
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից իրացման ենթակա գոտիների բնակիչների գործերով Հայաստանի Հանրապետության վերաբերյալ այս տարիներին կայացվել է 10 վճիռ: Այս բոլոր վճիռներով սահմանվել ու ՀՀ պետական բյուջեից դիմումատուներին փոխհատուցվել է 328 հազար 211 եվրոյին համարժեք դրամ: Այս տեղեկությունը Lragir.am-ի հարցմանն ի պատախսան տրամադրեց արդարադատության փոխնախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արտակ Ասատրյանը:

Իրացման գոտիների հարցով ընդդեմ ՀՀ առաջին վճիռը ՄԻԵԴ-ը կայացրել է 2009 թվականին՝ «Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի» գործով: Այս գործով պետական բյուջեից դիմումատուներին փոխհատուցվել է 14 500 եվրոյին համարժեք դրամ: Հենց այս գործն էլ նախադեպային է եղել, որը հետագայում ազդել է նմանօրինակ մյուս գործերի քննության վրա:

2010 թվականին ՄԻԵԴ-ը կայացրել է «Երանոսյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» վճիռը, որով փոխհատուցում չի տրվել:

2011 թվականին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել «Հովհաննիսյանը և Շիրոյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որով դիմումատուներին փոխհատուցվել է 18 հազար 545 եվրոյին համարժեք դրամ:

2012 թվականին ՄԻԵԴ կողմից վճիռ է կայացվել «Դանիելյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով, որով պետական բյուջեից միանգամից 95 հազար 506 եվրոյին համարժեք դրամ փոխհատուցում է տրամադրվել դիմումատուներին:

«Թունյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը ՄԻԵԴ-ը կայացրել է 2012 թվականին, որով բյուջեից փոխհատուցվել է 36 հազար եվրոյին համարժեք դրամ: 2014 թվականին ՄԻԵԴ կողմից վճիռ է կայացվել «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով, որով դիմումատուներին հատկացվել է 44 հազար եվրոյին համարժեք դրամ փոխհատուցում:

«Ղարիբյանը և այլոք» գործով ՄԻԵԴ վճիռը կայացվել է 2014 թվականին, դիմումատուներին վճարվել է 25 հազար եվրոյին համարժեք դրամ:

«Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը նույնպես կայացվել է 2014 թվականին, բյուջեից դիմումատուներին փոխհատուցվել է 64 հազար եվրոյին համարժեք դրամ:

«Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» գործով էլ ՄԻԵԴ վճիռը կայացվել է այս տարվա սկզբին, որով դիմումատուներին պետական բյուջեից փոխհատուցվել է 3 630 եվրոյին համարժեք դրամ:

Այս գործերով ՄԻԵԴ կողմից կայացրած վերջին վճիռը այս տարվա հոկտեմբերին էր՝ «Վարդանյանը և Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով: Արդարացի հատուցման հարցի քննությունը հետաձգվել է: