«Հայ կանանց ճակատի» անդամ Ս. Սիմոնյանի ներկայացուցիչը միջնորդեց կասեցնել գործի վարույթը և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան

  • Իրավունք - 19 Հոկտեմբերի 2016, 17:23
2016 թ. հոկտեմբերի 18-ին, ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Կ. Զարիկյանի, կայացավ «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ ՀՀ Ոստիկանության ներկայացրած հայցադիմումի քննությունը, որով պահանջվել է Ս. Սիմոնյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելու համար):

Դատական նիստը կայացավ ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ավագ իրավախորհրդատու Ռուբեն Եպիսկոպոսյանի, պատասխանող Սուսաննա Սիմոնյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի մասնակցությամբ:

Դատական նիստի ընթացքում դատարանը պարզեց միջնորդությունների բացակայության հարցը, որից հետո անցավ պատասխանողի կողմից նախապես ներկայացված միջնորդության քննարկմանը: Ս. Սիմոնյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը նշեց, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածը չի սահմանում վիրավորանք հասկացության բացատրությունը, իսկ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները վարչական հարաբերություններում չեն կարող կիրառվել: Տ. Սիրադեղյանը հղում կատարեց ՀՀ Վճռաբեկ և ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին, որի համաձայն՝ «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:

Նշելով, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին՝ Տ. Սիրադեղյանը միջնորդեց կասեցնել գործի վարույթը և ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 7-րդ կետի ու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի կարգով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու համար:

Շարունակությունը՝ այստեղ http://hcav.am/events/19-10-2016-03/

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ