Կրկնաքվեարկությունների վերաբերյալ սուտ մատնությունների շուրջ քննարկումները շարունակվում են

  • Իրավունք - 19 Հոկտեմբերի 2016, 13:47
«Տարբերակներ ենք քննարկում: Ընդհանուր մոտեցումները նույնն են, որովհետև դրանք բխում են համաձայնագրում ստորագրվածից»,- խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի շուրջ իրականացվող քննարկումներին:

Նշենք, որ կառավարությունը նախագծում ներառել է մի դրույթ, ըստ որի՝ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր կրկնաքվեարկության մասին տեղեկություններ կհայտնեն իրավապահներին, բայց կպարզվի, որ նրանց հաղորդումը սուտ է եղել, քրեական պատասխանատվություն կկիրառվի: Ընդդիմադիր խմբակցությունները պահանջում են փոփոխել այս դրույթը: Քննարկումներից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ համաձայնության չեն եկել:

Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ քննարկումները շարունակվում են, ձևակերպումների հետ կապված խնդիրներ կան: Կա ձևակերպում, որը կարծես ընդունելի է բոլոր խմբակցությունների համար, մնում է խմբակցությունների անդամների հետ համաձայնեցնել ու վերջնական որոշում կայացնել:

«Ֆրակցիաներում պետք է քննարկումները շարունակվեն: Մեր ֆրակցիայի հետ կապված կարող եմ ասել, որ համաձայնությունը ձեռք է բերվել»,- ասաց նա:

Հարցին, թե ՀՀԿ-ի համար մտահոգիչ չէ՞ այդ դրույթը, որը կարող է խոչընդոտ լինել, որպեսզի մարդիկ բարձրաձայնեն ընտրախախտումների մասին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ այդ պատճառով էլ այնտեղ ավելի հստակեցում է մտցվում: Այդ դրույթներն այնպես են ձևակերպվում, որ մարդիկ ազատ լինեն:

«Ինձ համար մտահոգիչն այն է, որ մարդը կարող է սուտ ցուցմունք տալ, զրպարտել, այսինքն՝ իրողությունները պետք է ճիշտ պարզել ու ճիշտ ցուցմունք տալ: Ինձ թվում է, որ մենք պետք է կանխարգելիչ քայլեր իրականացնենք, որպեսզի չվտանգենք ընտրությունները»,- նշեց Բաղդասարյանը:

Եթե խմբակցությունները արագ համաձայնության գան, Ընտրական օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցումը կլինի այսօր, եթե ոչ՝ այն կներառվի հերթական քառօրյայի նախագիծ: