ԱԺ խմբակցությունները պահանջում են ԸՕ կետերից մեկում ավելացնել «ակնհայտ սուտ» բառակապակցությունը

  • Իրավունք - 19 Հոկտեմբերի 2016, 13:36
Ազգային ժողովի խմբակցությունները փակ քննարկում են անցկացնում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ: «4+4+4» ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում օրենսգիրքը փոփոխվել է, որն առաջին ընթերցմամբ այսօր խորհրդարանում ընդունվեց: Համաձայնությանը միացած ընդդիմադիր խմբակցությունները, սակայն, դժգոհ են կառավարության գործողություններից և հայտարարել են, որ պետք է մինչև երկրորդ ընթերցում քննարկումներ լինեն, այլապես հաջորդ քվեարկությանը չեն մասնակցի:

Խնդիրը նրանում է, որ կառավարությունը նախագծում ներառել է մի դրույթ, ըստ որի՝ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր կրկնաքվեարկության մասին տեղեկություններ կհայտնեն իրավապահներին, բայց կպարզվի, որ նրանց հաղորդումը սուտ է եղել, քրեական պատասխանատվության կենթարկվեն:

Ընդդիմադիր խմբակցությունները դեմ են այս դրույթին՝ նշելով, որ սա խոչընդոտ է, որպեսզի մարդիկ չբարձրաձայնեն ընտրախախտումների մասին:

«Այս դրույթը քաղաքացիներին կարող է կաշկանդել: Մենք առաջարկել ենք, որ ավելացվի «ակնհայտ սուտ» տերմինը, որից հետո որևէ խնդիր չի լինի»,- խորհրդարանում լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա՝ դիտավորություն տերմինը պետք է ներառվի նախագծում: «Դա անհրաժեշտ է, որ եթե քաղաքացին ինչ-որ տեղից կրկնաքվեարկության մասին տեղեկատվություն ունենա, բարեխղճորեն հաղորդի, հետագայում պարզվի, որ այն չի համապատասխանել իրականությանը, ենթարկվի քրեական պատասխանատվության: Իշխանությունները չեն ցանկանում ընդունել մեր առաջարկությունը՝ փորձելով իրենց ապահովագրել որոշակի քանակությամբ դիմումներից»,- ասաց Զուրաբյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խոսատցել էր, որ քննարկումների ժամանակ կվերանայվի այս հարցը:

Ամենաընթերցվածը