ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը փորձել է հաշտություն պարտադրել. Գործը ՄԻԵԴ-ում է

  • Իրավունք - 18 Հոկտեմբերի 2016, 16:07
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվում է մի գործ, որի շրջանակներում ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը փորձել է բնակարանի սեփականության իրավունքի համար վեճ ունեցող կողմերին հաշտություն պարտադրել:

Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայքից:

Վերոնշյալ գործը՝ «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի», ՄԻԵԴ-ը ստացել է 2007 թվականին, երբ Մկրտումյանը դեռևս ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահն էր:

Ըստ ՄԻԵԴ կայքում առկա տեղեկատվության՝ Մկրտումյանը մի քանի անգամ հետաձգել է դատական նիստերը՝ կողմերին հայտնելով, թե նրանցից յուրաքանչուրը պետք է խնդրի լուծման համար փոխզիջման գնա և ողջամիտ համաձայնության գա:

2006 թ. ապրիլի 21-ին Վճռաբեկ դատարանը քննել է բողոքը կողմերի մասնակցությամբ։ Իմանալով, որ կողմը հրաժարվել է հաշտության պայմանագիր կնքել, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Մկրտումյանը, ում նախագահությամբ քննվել է բողոքը, նշել է.

«Յուրաքանչյուր կողմ պետք է լուծման գա փոխզիջման միջոցով… եթե մենք շարունակենք երկարացնել այս վեճը, կնշենք դրա հարյուրամյակը... Նշենք ձեզ հարմար օրն ու ժամը, երբ կկարողանաք գալ և դատավոր Հ-ի մոտ արտահայտել ձեր մտքերը... բայց փորձեք նրա հետ արդյունավետ քննակում ունենալ... դուք բավական ժամանակ ունեք։ Հանդիպեք և քննարկեք և փորձեք ընդհանուր կետեր գտնել հաշտության համաձայնագրում, որպեսզի քննարկումն արդյունավետ լինի», ասել է Մկրտումյանն ու փակել նիստը:

Մեկ այլ նիստի ժամանակ, իմանալով, որ առաջին դիմումատուն հրաժարվում է հաշտության համաձայնագիր կնքել, Մկրտումյանը հիշեցրել է, թե ինչպիսին է լինում Վճռաբեկի վերաբերմունքն այն անձանց նկատմամբ, որոնք հրաժարվում են ողջամիտ հաշտության համաձայնություն կնքել և դարձյալ փակել է նիստը՝ հայտնելով, որ ևս մեկ հնարավորություն է տալիս՝  հաշտության համաձայնություն կնքելու համար:

Հաշտության համաձայնագիրը, սակայն, չի կնքվել, և, ըստ դիմումատուի, Մկրտումյանն իրականացրել է իր հնչեցրած սպառնալիքները:

Գործի վերաբերյալ հարցերից մեկը, որը քննարկման առարկա է ՄԻԵԴ-ում, այն է, թե արդյոք Հայաստանի օրենսդրությունը դատավոր Մկրտումյանին տվել է նման  գործելաոճի իրավունք:

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ ոչ թե կոնկրետ վերը նշված գործի, այլ դատավորի անաչառության խնդրին:

Ըստ Գյոզալյանի՝ եթե որևէ դատավոր փորձում է հաշտություն պարտադրել, ապա դա կարող է խոսել, օրինակ, այդ դատավորի կողմնակալության մասին:

«Իսկ եթե դատավորը կողմնակալ վերաբերմունք ունի այս կամ այն գործի վերաբերյալ, ապա պարտավոր է ինքնաբացարկ ներկայացնել, քանի որ արդար դատական ակտ չի կարող կայացնել` դրանից բխող մի շարք հետևանքներով», ասաց Գևորգ Գյոզալյանը:

Նշենք, որ թե ՀՀ Սահմանադրությամբ և թե՛ «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորվում է անձի՝ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքը, և դա արդար դատաքննության բաղկացուցիչ տարրն է: Ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ օրինական կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով, ըստ որում՝բացարկի հիմք կարող են լինել դատավորի անաչառության վերաբերյալ ոչ միայն օբյեկտիվ, այլ նաև սուբյեկտիվ կասկածները:

Սուբյեկտիվ կասկածի առիթ կարող են լինել դատավորի անձնական համոզմունքները քննվող գործի կապակցությամբ և այս դեպքում նրա կանխակալությունը հաստատելու համար փաստացի ապացույցներ են հարկավոր: Օբյեկտիվությունը գնահատելիս անհրաժեշտ է պարզել, թե դատավորի վարքագծից անկախ արդյոք գոյություն ունե՞ն անհերքելի փաստեր, որոնք կասկած են հարուցում վերջինիս անաչառության վերաբերյալ:

Արաքս Մամուլյան

Ամենաընթերցվածը