Պարզվում է Գյումրիում տեղի ունեցած միջադեպին մասնակից անձանց շրջանակը. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, ևս երկու հոգի՝ ձերբակալվել

  • Իրավունք - 17 Հոկտեմբերի 2016, 19:03
Գյումրի քաղաքում հոկտեմբերի 14-ին զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ Հոկտեմբերի 17-ի դրությամբ՝ քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, երկու անձ՝ որպես կասկածյալ ձերբակալվել։

Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան և 26 Կոմիսարների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ, որի պատճառով վիճաբանություն է առաջացել նշված երկու ավտոմեքենաների վարորդների և հավաքված անձանց միջև, որը վերաճել է զենքի գործադրմամբ խուլիգանության։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի հետագա նախաքննությունը հանձնարարվել է 10-րդ կայազորային քննչական բաժնին։ Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են գազային ատրճանակի չկրակված փամփուշտներ, իսկ Շիրակացի փողոցում գտնվող մանկապարտեզի տարածքում՝ ՏՏ տեսակի ատրճանակ, որը, ըստ քննության տվյալների, նշված տարածք է նետել միջադեպի մասնակիցներից մեկը՝ դեպքի վայրից դիմելով փախուստի։  Վերջինիս ինքնությունը պարզվել է, և ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հոկտեմբերի 17-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Քննիչը նույն օրը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Եվս երկու անձ ձերբակալվել է՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական, ինչպես նաև՝ դատաբժշկական փորձաքննություններ՝ 6 անձի նկատմամբ։ 

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը պարզելու համար:

ՀՀ քննչական կոմիտե