ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՀԿ ներկայացուցիչներին

  • Իրավունք - 13 Հոկտեմբերի 2016, 19:29
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներրի հետ:

Ավելի քան 20 հասարակական կազմակերպությունների հետ հանդիպմանը ՀՀ գլխավոր դատախազը կարևորելով հասարակական կազմակերպությունների դերը քաղաքացիական հասարակության կայացման իրավական խնդիրների, քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանման, պետական, մասնավորապես, իրավական կառույցների հետ համագործակցության ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստ է համագործակցել սոցիալական տարբեր խմբերի խնդիրների ուղղությամբ աշխատող հասարակական կազմակերպությունների հետ՝ ինչպես մասնավոր դեպքերի վերլուծության, այնպես էլ՝ համակարգային խնդիրների լուծման հարցում:

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության սկզբունքներին առնչվող հարցեր, մասնավորապես, հասարակական կազմակերպությունների միջոցով  հասարակության մասնակցության ապահովումը քրեական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, մարդու և քաղաքացու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովումը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման խթանումը, քրեական քաղաքականությանն առնչվող՝  հասարակության մեջ առկա խնդիրների վերհանումը, հանրային կարծիքի վերլուծումը, հասարակության տարբեր խմբերի շահերի հնարավորինս լայն ներկայացվածության ապահովումը:  

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել արդյունավետ համագործակցության նպատակով, ինչպես վերոնշյալ հարցերի, այնպես էլ Դատախազության գործունեության ոլորտներին առնչվող տարատեսակ խնդիրների, հարցերի վերաբերյալ այլընտրանքային կարծիքների, հանրային շահերից բխող առաջարկությունների քննարկման նպատակով  մշակել հասարակական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքային ձևաչափ՝ ըստ տվյալ կազմակերպության գործունեության ոլորտի, տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:

Ամենաընթերցվածը