Հայտնաբերվել է դատարան տեղափոխելիս փախուստի դիմած երիտասարդը

  • Իրավունք - 13 Հոկտեմբերի 2016, 17:34
Հոկտեմբերի 12-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Մյասնիկյանի պողոտայի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1993 թ. ծնված Աշոտ Բադալյանին և նրա եղբորը` 1990 թվականին ծնված Հովհաննես Սուքիասյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

Սեպտեմբերի 9-ից զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող Աշոտ Բադալյանը հայտնաբերվել և պատասխանատվության առաջ էր կանգնել, սակայն սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտից դատարան տեղափոխելիս փախել էր, հեռացել եղբոր հետ նրա ՎԱԶ «2121» մակնիշի մեքենայով:

Շաբաթներ անց ոստիկանները կրկին բռնեցին նրան:

Անձնական խուզարկությամբ Բադալյանի գրպանից հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, որն առգրավվել է:

Աշոտ Բադալյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի` փախուստն ազատազրկման, կալանավորվածներին պահելու կամ ձերբակալվածներին պահելու վայրից՝ հոդվածի հատկանիշներով:

Քննությունը շարունակվում է:

Ամենաընթերցվածը