ՀՔԱՎ: «Մատաղիսի» գործը կասեցվել է վարույթ ընդունելուց անմիջապես հետո

  • Իրավունք - 12 Հոկտեմբերի 2016, 15:20
Հասարակական մեծ հնչեղություն ստացած «Մատաղիսի» գործը շարունակում է մնալ ինչպես հանրության, այնպես էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուշադրության կենտրոնում:

Երկու ծառայակիցների սպանության մեջ մեղադրվող զինծառայողների արդարացման դատավճիռը ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից անփոփոխ թողնվելուց հետո անցել է  ավելի քան երեք տարի, սակայն գործի նախաքննության վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել:

Իրականացված քննչական գործողությունների, առաջադրված մեղադրանքների և մեղադրյալների վերաբերյալ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2016 թ. սեպտեմբերի 10-ի հերթական հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Զինվորական դատախազությունից 2016 թ. սեպտեմբերի 28-ի գրությամբ հայտնել են, որ քրեական գործի վարույթը կասեցվել է դեռևս 2013 թ. սեպտեմբերի 2-ին՝ գործով որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու հիմքով:

Ընդ որում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2014 թ.-ին արված նույնաբովանդակ հարցմանը ՀՀ Զինվորական դատախազությունից պատասխանել էին, որ  2013 թ. սեպտեմբերի 2-ին քրեական գործը վարույթ է ընդունվել ՀՀ ՊՆ քննչական ծառայության տասներորդ կայազորային քննչական բաժնի տեղակալ Գ. Գրիգորյանի կողմից, և նախաքննությունն ընթացքի մեջ է:

Ինչպես պարզվում է վերջին պատասխանից, քրեական գործը վարույթ ընդունելու օրն էլ կայացվել է այն կասեցնելու մասին որոշումը, սակայն հետաքրքիր է, որ դեռևս երկու տարի առաջ արված հարցման պատասխանում գործը կասեցնելու մասին ոչինչ նշված չէ:

Ի դեպ՝ դատավարական և քննչական գործողություններ իրականացնելու, «բազմաթիվ վկաներ» հարցաքննելու վերաբերյալ հատվածը նույնությամբ կրկնված է ՀՀ Զինվորական դատախազության երկու պատասխաններում:

Մանրամասն՝ այստեղ http://hcav.am/events/12-10-2016-02/