Ի՞նչ շինարարություն է ընթանում Կոնդում և երբ կոնդեցիները տուն կստանան

    • Իրավունք - 11 Հոկտեմբերի 2016, 20:13
Երևանի իրացման գոտի ճանաչված Կոնդ թաղամասին հարակից տարածքում այս փուլում ընթանում է նորակառույց շենքի շինարարությունը, որտեղ նախատեսվում է, որ կոնդեցիներին բնակարաններ են տալու: Շինարարությունը, որը տարիներով դադարեցված էր, թափ է առել բոլորովին վերջերս, այն բանից հետո, երբ կոնդեցիները պարբերաբար բողոքի ակցիաներ արեցին կառավարության շենքի ու Սերժ Սարգսյանի առանձնատան մոտ:

Արդեն 10 տարի է՝ Կոնդում սկսվել է իրացման գործընթացը, բայց այդպես էլ չի ավարտվում: Գործընթացն սկսվել է 2006 թվականից, երբ իրացման մասին կառավարության որոշում եղավ, իսկ արդեն 2007 թվականից մարդիկ դուրս են հանվել իրենց տներից, տների մեծ մասը քանդվել են:

Թաղամասի բնակիչների համար տարածքում՝ Պարոնյան 42/1 հասցեում, կառուցվում է բնակելի 11 հարկանի մեկ շենք: Հարևանությամբ գտնվող մյուս շենքի շինաշխատանքները, որը բնակելի 10 հարկանի է լինելու, ըստ ծրագրի՝ պետք է մեկնարկեն առաջիկայում, սպասում են ֆինանսավորմանը:

Այս կառուցվող շենքի շինարարությունը դեռևս 2007 թվականին սկսել էր «Դաուն Թաուն» ընկերությունը, սակայն, ինչպես իրացման գոտի չճանաչված մյուս տարածքներում, այստեղ էլ խնդիրներ են առաջացել, կառուցապատողը ժամանակին չի կատարել պարտավորությունները, իսկ շենքի աշխատանքները տարիներով դադարեցվել են: Այնուհետև տարածքի համար կառուցապատող է ընտրվել «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն, որի տնօրենի օգնական Գնել Քոչարյանը Lragir.am-ին մանրամասներ ներկայացրեց կատարվող աշխատանքներից:

Նա չի հստակեցնում, թե կոնկրետ որ տարվա որ ամսին այստեղ բնակարանները կհանձնվեն շահագործման, բայց հավատացնում է, որ 1.5 տարի անց տարածքի երկու շենքերի շինաշխատանքները կավարտվեն, դրանից հետո բնակարանները ներքին հարդարմամբ արդեն կհանձնվեն բնակիչներին:

«Բնակարանները հանձնվելու են Կոնդի այն բնակիչներին, որոնց գույքերն իրացվել են ու քանդված են: Բացի այդ, այն բնակիչները, ովքեր չեն ցանկանում սպասել շինարարության ավարտին, նրանց տրվում են փոխհատուցման գումարներ՝ ելնելով նրանից, որ մեկ քմ արժեքը մեր շինարարության համար կազմում է 450 դոլար: Եթե բնակիչը չի ցանկանում սպասել, այդ նույն մեկ քմ համար 450 դոլարը վճարում ենք բնակչին: Այս պահի դրությամբ արդեն մոտ 270 մլն դրամի փոխհատուցում ենք տվել բնակիչներին»,- ասաց Գնել Քոչարյանը:

Ընկերության ներկայացուցչի հավաստմամբ՝ այս տարածքի բնակարանները նախատեսված են միայն Կոնդի բնակիչների համար, այսինքն՝ շենքից այլ անձանց բնակարանների վաճառք չի իրականացվի: Ըստ նրա՝ կառավարության որոշմամբ 108 ընտանիքների ցանկ է սահմանվել, ովքեր պետք է տարածքում բնակարան ստանան, բայց նրանցից 11 ընտանիք ցանկից հանվել են, քանի որ հրաժարվել են սպասել ու գումարային փոխհատուցում են ստացել:

«Մենք նախատեսում ենք այս երկու շենքը կառուցելուց հետո պայմանագրերը կնքել և բնակարանները տալ բնակիչներին»,- տեղեկացրեց Գնել Քոչարյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունն օգնում է փաստաթղթային հարցերի արագ ձևակերպման ու ֆինանսների հայթայթման հարցում: Ծրագիրը գտնվում է միջգերատեսչական հանձնաժողովի վերահսկողության տակ, որը ստեղծվել է վարչապետի որոշմամբ՝ 2012 թվականին:

Ու չնայած հնչող խոստումներին, կոնդեցիները շարունակում են բողոքել ու պահանջել իրենց տները: Մարդիկ թերահավատ են, թե տարածքի շինարարությունն ավարտին կհասցվի ու իրենք տներ կստանան:

«Առողջական խնդիրներ ունենք, մարդկանց մի մասը մահացան, դարձել ենք ներվային գիժ: Մեզ հետաքրքիր չի, թե ինչ պայմանավորվածություններ են եղել, մենք անգրագետ ժողովուրդ ենք, մեր տները տվեք»,- ասում են կոնդեցիները:

Գնել Քոչարյանը շտապում է մարդկանց կասկածները փարատել. «Տարածքը գտնվում է ուշադրության կենտրոնում: Հնարավոր չէ, որ ծրագիրն ավարտին չհասցվի, շենքն ունենալու է ավարտական տեսք»:

Մանրամասները տեսանյութում