Ազատ արձակվելուց հետո Լևոն Հայրապետյանը պատրաստվում է վերադառնալ Արցախ և շարունակել բարեգործությունները

  • Իրավունք - 10 Հոկտեմբերի 2016, 12:15
Հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը բանտից ազատվելուց հետո կվերադառնա Արցախ և կշարունակվի զբաղվել բարեգործությամբ: Հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Լևոն Հայրապետյանի դուստրը՝ Զարուհի Հայրապետյանը: «Վերջերս եմ խոսել նրա հետ հեռախոսով: Նա ասաց, որ ազատվելուց հետո պատրաստվում է վերադառնալ Արցախ և շարունակել բարեգործությունն եր անել: Նրան չեն թույլատրում տեսակցել, մենք միայն հեռախոսով ենք շփվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Լևոն Հայրապետյանի դուստրը:

Նա հավելեց, որ շարունակում է պայքարել իր հոր ազատության համար և ցանկանում է, որպեսզի օր առաջ նա ազատության մեջ լինի: «Ես հպարտությամբ եմ քայլում այս քաղաքում, որովհետև վստահ եմ, որ հայրս իր գործունեության ընթացքում ամրապնդել է Արցախի և Հայաստանի միասնականության գաղափարը: Չնայած իր ծանր հոգեվիճակին՝ նա միշտ կանգնած է Արցախի կողքին: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ֆինանսական աջակցության համար նա վերջերս պարգևատրվել է նաև Արցախի նախագահի կողմից»,- նշեց Զարուհի Հայրապետյանը:

Լևոն Հայրապետյանին տեղափոխել են Մորդովիայի Ինքնավար Հանրապետությունում գտնվող մի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը: Նրա առողջական վիճակն այս պահին որոշակիորեն լավ է, սակայն նման բանտային պայմանները հակացուցված են նրան: Սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց իրավաբան Հայկազ Մակարյանը:

«Պարոն Հայրապետյանը դեռևս չի հասկանում, թե ում պատվերով են իր հետ նման կերպ վարվում: Փաստաբանները նրա կնոջը որոշակի հույսեր են ներշնչել, որ նա կարող է մինչև տարվա վերջ ազատ արձակվել: Վերջերս էլ մի խումբ հայտնի փաստաբաններ հայտարարել են, որ անհասկանալի է, թե ինչպես են առանց հանցակազմի բացակայության, լուրջ փաստերի Լևոն Հայրապետյանին բանտում պահում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մակարյանը՝ հայտնելով, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Լևոն Հայրապետյանը մի քանի միլիոն դոլար է փոխանցել արցախյան ֆոնդին:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները չպետք է անգործություն դրսևորեն, այլ քայլեր պետք է ձեռնարկեն իրավիճակը շտկելու ուղղությամբ: Նա կոչով դիմեց ՀՀ իշխանություններին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն Լևոն Հայրապետյանի արտահանձնման հարցը: «Լևոն Հայրապետյանը երկքաղաքացիություն ունի, իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական մի քանի պայմանագրերում կան կետեր, որ նման դեպքերում արտահանձնումը հնարավոր է, հատկապես մի մարդու դեպքում, ով անգամ Պետական դումայի կողմից մեդալ է ստացել: Մեր իշխանությունները պետք է բաց կոչով դիմեն Պետ դումային, որպեսզի անհապաղ արտահանձնում լինի կամ գոնե  տնային կալանք կիրառվի Լևոն Հայրապետյանի նկատմամբ»,- հավելեց Մակարյանը:

Ամենաընթերցվածը