Տեղի ունեցավ Ժիրայր Սեֆիլյանն ընդդեմ «Արմենիա» TV-ի գործով նախնական դատական նիստ

  • Իրավունք - 07 Հոկտեմբերի 2016, 20:58
Ժիրայր Սեֆիլյանն ընդդեմ Արմենիա TV-ի քաղաքացիական հայցի քննությունը մեկնարկեց: Երևանի Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ այս հայցով  նախնական դատական նիստ:

Քաղաքացիական հայցի համար, հիշեցնենք, հիմք է հանդիսացել «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հաղորդումներից մեկի  ժամանակ ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի վերաբերյալ տեսանյութն ու նրա հասցեին հնչեցված արտահայտությունները, որոնք, ըստ հայցվոր կողմի, արատավորում են Սեֆիլյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը:

Հայցվոր կողմը պահանջում է Սեֆիլյանի վերաբերյալ տարածված կեղծ տեղեկությունները հերքել, ինչպես նաև նրանից հրապարակային ներողություն խնդրել:

Վերը նշված պահանջը ներկայացված է ոչ միայն հեռուստաընկերությանը, այլ նաև «Սուր անկյուն» հաղորդման վարող Վահե Ղազարյանին ու լրագրող Նելլի Հարությունյանին:

Այսօր պատասխանող կողմից դատարան էր ներկայացել միայն հեռուստաընկերության ներկայացուցիչ իրավաբան Հերմինե Հովսեփյանը, իսկ Ղազարյանն ու Հարությունյանը դատարանին հասցեագրված գրությամբ հայտնել էին, որ տվյալ հաղորդման պատասխանտուն բացառապես «Արմենիա» հեռուստաընկերությունն է: Նույն դիրքորոշումը հայտնեց նաև հեռուստաընկերության իրավաբանը:

Դատարանն, այնուամենայիվ, որոշում կայացրեց Հարությունյանին և Ղազարյանին ևս ներգրավել որպես պատասխանող:

Այս գործով հայցադիմումը ներկայացվել էր մինչև ՊՊԾ գնդի գրավումը, և Սեֆիլյանի շահերն այն ժամանակ ներկայացնում էին փաստաբան Տիգրան Հայրապետյանն ու ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը: Վերջինս, ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանը,  հիշեցնենք, գտնվում են կալանքի տակ, և դատարանում այսօր Սեֆիլյանի միակ ներկայացուցիչը Տիգրան Հայրապետյանն էր:

«Արմենիա» հեռուստաընկերության իրավաբան Հովսեփյանը հիշեցրեց, որ Սեֆիլյանի վերաբերյալ հաղորդումը հեռարձակել է հեռուստաընկերությունը, մենաբանել՝ հաղորդավարը և ներկայացրել՝ լրագրողն ու Հայրապետյանին առաջարկեց հստակեցնել, թե նրանից ում որ արարքն է հայցվոր կողմը դիտարում որպես զրպարտություն, որը՝ որպես վիրավորանք, և նրանցից յուրաքանչյուրի հետ կապված ի՞նչ պահանջ է ներկայացնում հայցվոր կողմը:

«Հաղորդումը հեռարձակել է հեռուստաընկերությունը, մենաբանել՝ հաղորդավարը և ներկայացրել՝ լրագրողը. սրանից ավելի լավ հնարավոր չէր լնի բնութագրել իրավիճակը»,-պատասխանեց Հայրապետյանն ու կարծիք հայտնեց, որ հաշվի առնելով նրանցից յուրաքանչյուրի անմիջական առնչությունը հաղորդմանը՝ երեք պատասխանողներն էլ պիտի հրապարակային ներողություն խնդրեն Սեֆիլյանից և հերքեն Սեֆիլյանի վերաբերյալ տարածված կեղծ տեղեկությունները:

«Արմենիա» հեռուստաընկերությունը միայն այսօր էր դատարան ուղարկել հայցադիմումի վերաբերյալ պատասխանը, և դատարանը հետաձգեց դատական նիստը՝ հնարավորություն տալով հայցվոր կողմին ծանոթանալու դրա հետ:

Հիշեցնենք, որ Սեֆիլյանի ձերբակալությունից օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, «Արմենիա TV-ի «Սուր անկյուն» հաղորդման շրջանակներում ցուցադրվել է մի տեսանյութ, որում ասվում է, թե Սեֆիլյանն արցախյան ազատամարտի տարիներին, լինելով հրամանատար, մարտի դաշտում է թողել վիրավոր զինվորներից մեկին ու որոշում կայացրել այնտեղ եղած երկու ձիերից մեկը     ՝ նստելով հեռանալ: Ըստ տեսանյութի՝ մարտի դաշտում թողնված վիրավոր զինվորը մահացել է:

Ըստ Սեֆիլյանի ներկայացուցիչների՝ ասվածը չի համապատասխանում իրականությանը և արատավորում է ազատամարտիկի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը:

Հայցվոր կողմի պնդմամբ՝ տեսանյութում նկարագրվող մարտական գործողությունների ժամանակ Սեֆիլյանն ինքն է ծանր մարմնական վնասվածքներ ստացած եղել և անգամ ցանկության դեպքում չէր կարող ձի վարելով հեռանալ մարտի դաշտից: Ըստ Հայրապետյանի՝ Սեֆիլյանին այլ վիրավորների հետ տեղափոխել են հոսպիտալ, և նա միայն ժամեր անց է իմացել մարտադաշտում մնացած զինվորի մասին՝ տեղեկանալով նաև, որ զինվորի զինակից ընկերները կարծել են, թե նա ի սկզբանե մահացած է եղել:

Սեֆիլյանը հերքման պահանջով դիմել էր Արմեինա»-ին, սակայն դիմումն անպատասխան էր մնացել, որից հետո է, որ նա օրենքով սահմանված կարգով դիմել է դատարան:

Տիգրան Հայրապետյանը պնդում է, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը, որի բաժնետոմսերի 2/3-ն, ըստ տարածված տեղեկությունների պատկանում են Սերժ Սարգսյանի փեսային, միտումնավոր է եթեր հեռարձակել տեսանյութը՝ նպատակ ունենալով զրպարտել Ժիրայր Սեֆիլյանին:

Փաստաբանն իր պնդումը հիմնավորում է մի քանի հանգամանքներով: Ըստ փաստաբանի՝ տեսանյութում իրադարձությունների առանցքում Սեֆիլյանն է, սակայն այն պատրաստող անձինք հարկ չեն համարել խոսել նրա հետ և լսել նրա պարզաբանումները: Բացի այդ՝ Հայրապետյանն ասում է, որ տեսանյութում առկա անձանց պատմածներն իրենք իրենցով չեն ապացուցում Սեֆիլյանի վատ հրամանատար լինելու հանգամանքը. այդ ամենն արտացոլված է տեսանյութում առկա լրագրողական խոսքի մեջ:

Վիրավորելու համար պետք է խոսքում ուղղակի դիտավորություն լինի, և հայցվոր կողմը գտնում է, որ վիճարկվող հաղոդրման մեջ այդպիսի ուղղակի դիտավորություն է եղել:

Արաքս Մամուլյան

Ամենաընթերցվածը