Ցույցերը կվերսկսվեն

    • Իրավունք - 07 Հոկտեմբերի 2016, 17:59
«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործունեությունից տուժած անձինք առաջիկայում կառավարության շենքի մոտ կվերսկսեն բողոքի ակցիաները՝ նոր կառավարությունից ու վարչապետից պահանջելով իրենց բնակարանային խնդրի լուծումը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը, ում գործունեությունից տուժել էր այս անձանց մի մասը, սկսել է բնակիչներին վերադարձնել նրանց տները կամ գումար տալ: Բնակիչները Lragir.am-ին փոխանցեցին, որ Բեգլարյանը մեկ բնակչի արդեն փոխհատուցել է, ևս մի քանի ընտանիքների խոստացել է առաջիկայում փոխհատուցել: Բայց խնդիրն այն է, որ տուժած բնակիչները բնակարանները գրավադրվել են տարբեր անձանց մոտ, ովքեր չեն պատրաստվում վերադարձնել դրանք: Հետևաբար հարցին համալիր լուծում տալու համար մարդիկ կդիմեն վարչապետ Կարեն Կարապետյանին:

“Բեգլարյանից տուժածներից բացի մնացածի հարցով դեռ ոչինչ չկա, հետևաբար մենք ցույցերը կշարունակենք»,- ասացին բնակիչները:

Նրանք նշում են, որ դատարանները ձգձգում են իրենց քաղհայցերի քննությունը, պետք է այդ հարցն էլ բարձրացնեն բողոքի ակցիաների ժամանակ:

Հիշեցնենք, որ Երևանի Գևորգ Չաուշ փողոցում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի ղեկավարությունը դեռևս 2007 թվականին գումարներ էր հավաքել շենքում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձանցից: Շատերն անգամ վճարել են բնակարանի ամբողջ գումարը:

Բայց հայտնվելով ֆինանսական ծանր վիճակում, կառուցապատողները սկսել էին բնակարանները գրավադրել և տոկոսով գումանրներ վերցնել: Բնակարաններից 14-ը գրավադրվել էին  ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ու նրա ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի, իսկ մնացածը՝ տարբեր անձանց մոտ: Նաղդալյանն ու ամուսինը ավելի վաղ պնդում էին, որ ոչ թե տոկոսով փող են տվել, այլ այդ բնակարանները գնել են: Բայց այսօր փաստացի սկսել են վերադարձնել մարդկանց տները: