Հայաստան կժամանեն ԱՄՆ փորձագետներ ցմահ դատապարտյալների գործերի վերանայման համատեղ աշխատանքի համար

  • Իրավունք - 07 Հոկտեմբերի 2016, 15:05

Արդարադատության նախարարությունը աշխատանք է տանում ցմահ դատապարտյալների պայմանների բարելավման ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

«Աշխատանքները շարունակվում են թե կեցության պայմանների, թե տեսակցությունների առումով, այդ թվում նաեւ նոր Քրեական օրենսգրքով նախատեսվում է որոշակիորեն բարձրացնել ցմահ դատապարտման տարիքը, որպեսզի, ասենք, դեռահասների շրջանում խնդիր չառաջանա»,-ասաց փոխնախարարը:

Սուրեն Քրմոյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է արվում բավարար հիմքեր ունենալու դեպքում ցմահ դատապարտյալների գործերի վերանայման առնչությամբ: Նա տեղեկացրեց, որ մոտակա ժամանակահատվածում Միացյալ Նահանգներից Հայաստան են ժամանելու փորձագետներ հենց այս հարցով համատեղ աշխատելու համար:

«Գործերի վերանայումը մեկ այլ մեծ խնդիր է, որը բավականաչափ լուրջ քննարկման կարիք ունի: Այն դեռեւս հետազոտությունների փուլում է: Կարող եմ ասել, որ կան գործող մեխանիզմներ, որոնք հիմքերի առկայության դեպքում կարող են հիմք հանդիսանալ գործերի վերանայման համար: Չենք բացառում, որ միջազգային փորձից նույնպես գտնենք օրինակներ, որոնք կներկայացվեն քրեական դատավարության եւ քրեական օրենսգրքերը մշակող աշխատանքային խմբին: Չենք մերժում նաեւ հասարակական կազմակերպությունների կողմից արվող համագործակցության առաջարկները»,-նշեց Սուրեն Քրմոյանը:

Ամենաընթերցվածը