«Բերդում երբեք դրական չի լինում, նստի՛ր». դատավորը՝ ցմահ դատապարտյալին

  • Իրավունք - 06 Հոկտեմբերի 2016, 23:44
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը նոր պատճառաբանություններ է գտել ցմահ ազատազրկման դատապարված Արթուր Մկրտչյանի վերաբերյալ պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդագիր չներկայացնելու իր արարքը հիմնավորելու համար:

Այսօր Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Մկրտչյանի բողոքի գործով հերթական դատական  նիստը:

ՔԿՀ-ի՝ միջնորդագիր չներակայացնելու վերաբերյալ նոր հիմք մատնանշելու հեռանկարը Մկրտչյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը կանխատեսել էր դեռևս նախորդ անգամ տեղի ունեցած դատական նիստին:

Այն բանից հետո, երբ ՔԿՀ ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը որպես այդպիսի հիմք մատնանշել էր հանգամանքը, որ Մկրտչյանը չի փոխհատուցել տուժողին պատճառված վնասը, Ռոբերտ Ռևազյանը  հարց էր ուղղել Պետրոսյանին, թե արդոք դա՞ է միակ հիմքը, որի համար ՔԿՀ-ն չի ներկայացրել միջնորդագիրը:

Պետրոսյանը դրական պատասխան էր տվել, և Ռևազյանը դատարանի ուշադրություն էր հրավիրել այդ հանգամանքի վրա`դիրքորոշում հայտնելով, որ եթե հետագա դատական նիստերի ընթացքում որոշման հիմնավորման համար նոր պատճառաբանություններ ներկայացվեն, ապա դրանք սոսկ կապացուցեն այն, ինչ իրենք պնդում են. կայացվել է ապօրինի ու կամայական որոշում:

Բանն այն է, որ միջնորդագիր չներկայացնելու որոշման մեջ քրեակատարողական հիմնարկն առհասարակ չի նշել որոշման պատճառաբանությունը, ինչը հակասում է Սահմանադրական դատարանի կողմից այս առնչությամբ հայտնած դիրքորոշմանը. ըստ ՍԴ դիրքորոշման՝ որոշումները պետք է լինեն պատճառաբանված:

Այսօրվա դատական նիստին Պետրոսյանը, պատասխանելով դատախազ Վահան Հարությունյանի հարցին` որպես միջնորդագիր չներկայացնելու հիմք նշեց ոչ միայն Մկրտչյանի կողմից տուժողի վնասը  չփոխհատուցելու հանգամանքը, այլ նաև այն, որ Մկրտչյանը չի բնութագրվում դրական:

Իր դիրքորոշումը հայտնելիս դատախազն էլ  նշեց, որ թեև Արթուր Մկրտչյանի բնութագիրը չի կարելի համարել բացասական, բայց վերջնականապես դրական էլ չէ, և նրա հետ շարունակվում են սոցիալ- հոգեբանական աշխատանքները: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ դատախազը գտնում է, որ ՔԿՀ-ն ճիշտ որոշում է կայացրել և դրա դեմ բերված բողոքը ենթակա է մերժման:

20 տարուց ավելի պատիժ կրող Արթուր Մկրտչյանը, հիշեցնենք, 1997-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել համածառայակիցներին սպանելու մեջ, դատապարտվել մահապատժի, ապա մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Առ այսօր պնդում է, որ որևէ մեկին չի սպանել:

Վերջինս այսօր դատարանում փորձեց իր ընդվզումն արտահայտել՝ իրեն որպես ոչ դրական բնութագիրն ունեցողի ներկայացնելու համար: Հիշեցրեց, որ ինքը մեղադրվել և դատապարտվել է ծանրագույն հանցագործության հոդվածով ու նշեց, որ անգամ այդ հոդվածի համար մեղադրվելու պայմաններում  իրեն ճանաչող մարդիկ  իր վերաբերյալ միայն դրական բնութագիր են տվել:

«Այդ ինչպե՞ս եղավ, որ մտա բերդ ու բնութագիրս  դարձավ բացասական»,- ասաց Մկրտչյանը, սակայն չկարողացավ շարունակել միտքը:

«Բերդում երբեք դրական չի լինում»,-  ցմահ դատապարտյալին ընդհատեց նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Դատավարության հետագա ընթացքում քննարկվող թեման այն էր, թե ի՞նչ աշխատանքներ է կատարում քրեակատարողական հիմնարկը դատապարտյալներին ուղղելու համար:

Իր խոսքում Արթուր Մկրտչյանը նշեց, որ իր հետ աշխատանքներ տանելու կարիք չկա:

«Այդ նրանց հետ պետք է աշխատանքներ տարվեն, որ չկորցնեն իրենց մարդկային դեմքը»,- ասաց դատապարտյալը՝ նշելով, որ անգամ օրենքների հետ կապված փոփոխություններին ծանոթանալու համար իրավաբանական աջակցության կարիք ունենալու դեպքում պետք է մի քանի անգամ դիմել ՔԿՀ-ին, որպեսզի համապատասխան աշխատակիցը  ներկայանա:

ՔԿՀ ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը, սակայն, նշեց, թե ՔԿՀ-ն կատարում է իր պարտականությունները, այդ կալանավորներն են, որ խուսափում են ուղղվելու՝ իրենց տրված հնարավորությունից:

Ռոբերտ Ռևազյանը հարց ուղղեց, թե, օրինակ դատապարտյալներին ուղղելուն միտված  ի՞նչ գործընթացներից է խուսափել Արթուր Մկրտչյանը: Պետրոսյանը պատասխանեց, թե Մկրտչյանը չի մասնակցում ՔԿՀ-ում կազմակերպված մի շարք միջոցառումների: Դատապարտյալը, սակայն, հակադարձեց  ՔԿՀ ներկայացուցչին:

«Մի անգամ, օրինակ,  շախմատի խաղեր են կազմակերվել ու ես գնացել եմ, հաջորդ անգամ  սեղանի թենիսի խաղեր են կազմակերպվել, իսկ ես չգիտեմ  խաղալ, որպես ի՞նչ գնայի»,- դատարանին դիմելով՝ ասած Մկրտչյանը:

«Այ դրա համար էլ բացասական եք բնութագրվում»,- կեսկատակ- կեսլուրջ ասաց դատավորը: Այսօրվա նիստը դատարանի՝ այլ  ծանրաբեռնվածություն ունենալու պատճառով հետաձգվեց. հաջորդը հոկտեմբերի 20-ին է:

Արաքս Մամուլյան

Ամենաընթերցվածը