Վարուժան Ավետիսյանի կալանքի ժամկետը երկարացվեց

  • Իրավունք - 23 Սեպտեմբերի 2016, 21:45
Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարաձգեց  «Սասնա ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանի կալանքի ժամկետը: Այս մասին Lragir-ին ասաց Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը:

Փաստաբանը նշեց, որ ինքն ակնկալիք չունի, թե այս գործով որևէ անձի վերաբերյալ կկայացվի այլ որոշում, քան կալանքի ժամկետի երկարաձգումն է`հաշվի առնելով գործի քաղաքական բավանդակությունը:

Զաքարյանն  ուշադրություն հրավիրեց նաև այն  հանգամանքի վրա, որ միևնույն դատավորը քննում  է «Սասնա ծռեր»-ի գործով տարբեր անձանց կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննություն իրականացնող մարմնի միջնորդությունները, որոնցում ներկայացված են միևնույն ապացույցները:

Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու, ինչպես նաև 2015-ին Հայոց ցեղասպանության հիշատակի նախօրեին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ:

Հիշեցնենք, որ երեկվանից դատարանը սկսել է ՊՊԾ-ի գնդի գրավման գործով «Սասնա ծռեր»-ի անդամների կալանքի ժամկետները երկարաձգելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունների քննությունը:

Արդեն իսկ  երկու ամսով երկարաձգվել են մի քանի անձանց՝ Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Ղազարյանի, Մարտիրոս Հակաբյանի, Թորոս Թորոյանի կալանքի ժամկետները:

ԱՐԱՔՍ ՄԱՄՈՒԼՅԱՆ