Ինչ է կատարվում Սեւանում. Նոր մանրամասներ

    • Իրավունք - 23 Սեպտեմբերի 2016, 16:07
Սևանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Ուդո մականունով Ռուդիկ Ղուկասյանն այսօր քաղաքապետարանից բերման է ենթարկվել Քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժին: Քննչական գործողություններից որոշ ժամնակ անց նա ազատ է արձակվել: Քննչական կոմիտեի լրատվական ծառայության տեղեկության համաձայն՝ ավելի վաղ նա որպես վկա է հրավիրվել հարցաքննության, չի ներկայացել, ինչից հետո բերման ենթարկելու որոշում է կայացվել:

Մարզում չարաշահումների դեպքով Քննչական կոմիտեն հարուցվել է քրեական գործ, նյութեր են պատրաստվում Մարտունու քննչական բաժնում: Քննչական կոմիտեից  հայտնել են, որ Սևանի քաղաքապետը գործով որպես վկա է անցնում: Խոսքը քաղաքում խողովակների վաճառքից գոյացած գումարը յուրացնելու մասին է:

Ռուդիկ Ղուկասյանն արդեն դուրս է եկել քննչական բաժնից: Նրա հեռախոսահամարին պատասխանեց վարորդը, ով ասաց, որ Ղուկասյանը Սևանում քարոզարշավ է անցկացնում:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ով տևական ժամանակ է լարված հարաբերություններ ունի Ռուդիկ Ղուկասյանի հետ, Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ չի զարմացել այս տեղեկությունից: Յուրացում հնարավոր է, բայց պետք է իրավապահները տան դրա գնահատականը:

«Դա այն է, ինչի մասին զրուցում էին բոլորը: Դա քննչական մարմնի իրավասությունների շրջանակներում է, թույլ տանք, թող քննչական մարմինները զբաղվեն»,- ասաց մարզպետը:

Ռուդիկ Ղուկասյանն իր հերթին հայտարարել է, որ մեղավոր չէ, այս ամենը շոու է, որը կազմակերպել են Գեղարքունիքի մարզպետն ու Սևանի ոստիկանապետը: