Կալանավորը զրկվել է երեխային վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից. ո՞վ է պատասխանատու կոնկրետ իրավիճակում

  • Իրավունք - 23 Սեպտեմբերի 2016, 14:49
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Էդուարդ Հարությունյանը զրկվել է 7-ամյա երեխային վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից: 2014 թվականին Հարությունյանի երեխան դարձել է ավտովթարի զոհ: Կալանավորն, ով այժմ քրեակաարողական հիմնարկում պատիժ է կրում, վթարի ժամանակ դեռևս ոչ թե դատապատյալի, այլ մեղադրյալի կարգավիճակում էր: Երեխայի հուղարկավորության օրը համընկել է  Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը դատախազությունից դատարան ուղարկելու օրվա հետ:

Դատախազն ասել է՝ ինքը չի կարող թույլատրել, որ Հարությունյանին տանեն երեխայի հուղարկավորությանը, քանի որ գործն այլևս դատախազությունում չէ, հետևաբար, ինքն իրավասու չէ, դատարանից էլ հայտնել են, որ դատավորը գործը դեռևս վարույթ չընդունած՝ չի կարող դրանով անցող կալանավորի վերաբերյալ որևէ որոշում կայացնել:

Դատախազությունից գործը դատարան ուղարկելու, ապա այն որևէ դատավորի մակագրելու, վերջինիս կողմից վարույթ ընդունելու ողջ գործընթացը սովորաբար տևում է առավելագույնը մեկ օր, եթե այլ խնդիրներ չեն առաջանում: Ասել, թե պրակտիկայում այս մեկ օրվա ընթացքում քրեական գործով անցնող անձինք մշտապես բախվում են իրենց իրավունքների իրացման կամ պաշտպանության լրջագույն խնդիրների, սխալ կլինի: Այնուամենայիվ, պետք է արձանագրել, որ տվյալ դեպքում կալանավորը զրկվել է երեխային վերջին հրաժաշտը տալու հնարավորությունից:

«Ձերբակալված և կալանավորված անձանց  պահելու մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Կալանավորված անձանց, բացառությամբ առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձանց, մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքում կարող են տրամադրվել կարճաժամկետ մեկնումներ: Նույն օրենքը սահմանում է նաև, որ  կարճաժամկետ մեկնում տրամադրվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը, հղում կատարելով օրենքին, նշում է, որ քրեական գործով անցնող անձանց դատավարական  իրավունքների իրացման ու պաշտպանության համար պատասխանատվություն է կրում վարույթն իրականացնող մարմինը, և խոսելով կոնկրետ վերը նկարագրված իրավիճակի մասին՝ արձանագրում, որ  այստեղ խնդիր կա, քանի որ իրավիճակի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում:

«Գործը, փաստորեն, դատարանում է, բայց չկա կոնկրետ դատավոր, ում վարույթում քննվում է այն»,-  Lragir.am-ի հետ զրույցում ասաց Ռևազյանը՝ հավելելով նաև, որ քրեական գործով անցնող մեղադրյալի հարազատի հետ դժբախտ պատահարից զատ այլ իրավիճակներ ևս կարող են լինել, երբ կալանավորված անձն ունենա իր իրավունքների իրացման խնդիր: Օրինակ՝ մեղադրյալը ցանկացած պահի իրավունք ունի իր շահերի պաշտպանության համար փաստաբան ներգրավելու, և նա կարող է ցանկություն հայտնել փաստաբանին գործում ներգրավել հենց այն ժամանակահատվածում, երբ  դատախազությունից գործն ուղարկվել է դատարան ու դեռևս վարույթ չի ընդունվել. ո՞ւմ դիմել այս պարագայում, ո՞վ է պատաասխանատու քրեական գործով անցնող անձանց իրավունքների համար այդ ժամանակահատվածում:

Իրավաբան, Սահմանդրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը գտնում է, որ այստեղ իրավական բաց կա,  սակայն մասնակի:

Դանիելյանը հղում կատարելով ՀՀ ՔԴՕ-ի 277-րդ հոդվածի 2-րդ մասին, նշում է, որ գործը դատարան ուղարկելու մասին դատախազը անմիջապես տեղեկացնում է մեղադրյալներին`պարզաբանելով, որ հետագայում նրանք իրավունք ունեն իրենց դիմումները և միջնորդություններն ուղարկել դատարան:

«Այս նորմն ակնհայտ աղերսներ ունի սահմանադրական «որոշակիության սկզբունքի» հետ, նախ, ի՞նչ է նշանակում «հետագայում», երբ է ծագում այդ հետագան: Բացի այդ՝ հստակ նշվեր, որ խոսքը բացառապես դատավարական իրավունքներին առնչվող դիմումներին ու միջնորդություններին է վերաբերում, այլապես մարդիկ, սխալ ըմբռնելով իրավիճակը, ցանկացած դիմում ուղղում են դատարանին:

Բացի այդ, երբ դատարանում դեռ չի կայացվել գործը վարույթ ընդունելու մասին որոշում, անդեմ «դատարանը» չի կարող քննարկել նույն մեղադրյալի դատավարական իրավունքների իրացման վերաբերյալ դիմումները: Ընդ որում, խոսքը վերաբերում է այնպիսի դիմումների, որոնց լուծումը պահանջում է սեղմ ժամկետ, դրանք իրավաչափ չէ քննարկել միայն դատարանում գործը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո: Օրինակ, Սահմանադրությամբ և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված է կալանավորված անձի՝ փաստաբանի կամ իր պաշտպանի հետ տեսակցելու իրավունքը, առանց տեսակցությունների թվի ու տևողության սահմանափակման: Այս իրավունքը վերաբերում է նաև այն մեղադրյալներին, որոնց վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան, սակայն դեռ վարույթ ընդունելու մասին որոշում չի կայացվել: Ակնհայտ է, որ այս իրավիճակում տեսակցության իրավունքը մնում է առկախված, քանի որ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, դա կատարվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, իսկ այդպիսի մարմին տվյալ փուլում, ըստ էության, գոյություն չունի»,- պարզաբանում է Գևորգ Դանիելյանը:

Դանիեյանը նշում է նաև, որ անգամ այն փուլում, երբ քրեական գործը դեռ քննության փուլում է և ամբողջովին գտնվում է դատախազի վարույթում, ձերբակալված կամ կալանավորված կասկածյալի կամ մեղադրյալի ոչ բոլոր իրավունքների իրացման ու պաշտպանության համար է պատասխանատու դատախազը:

Օրինակ`«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ, 18-րդ և մի շարք այլ հոդվածներ այդ իրավունքների երաշխավորման մի ստվար հատվածը վերապահում են հենց ՔԿՀ-րի վարչակազմին:

Նշված 13-րդ հոդվածում այդպիսիք են համարվում՝ առողջության պահպանման, բավարար սնունդ ստանալու և այլ իրավունքները:

«Ընդ որում, այդ անձանց նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորությունը վերապահված է ոչ թե մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, այլ պատիժների և հարկադրանքի այլ միջոցներ նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, որը որևէ առնչություն չունի մինչդատական վարույթի հետ և իր լիազորությունները պարտավոր է շարունակել իրականացնել նաև դատավճիռ կայացնելուց հետո:

Այս իրավիճակում հաճախ մեղադրյալի որոշ ոչ դատավարական իրավունքների (օրինակ տեսակցության, այլ մեկուսարան տեղափոխելու և այլն) հետ կապված ծագում է անիմաստ քաշքշոց դատախազի և դատարանի լիազորությունների սահմանազատման կտրվածքով. դատախազը պնդում է, որ չի կարող որոշում կայացնել, որովհետև գործը դատարան ուղարկելով, այն այլևս իր վարույթում չէ, իսկ դատարանն էլ բացատրում է, որ գործը դեռևս վարույթ չի ընդունվել: Մինչդեռ, իրականում այս երկուսը պետք է պարզաբանեին, որ այդ բնույթի հարցերն ընդհանրապես իրենց իրավասությանը վերապահված չէ՝ անկախ այն հանգամանքից, թե ում վարույթում է գտնվում գործը. այդ խնդրի լուծումը վերապահված է ՔԿՀ-ի վարչակազմին»,- նշում է Գևորգ Դանիելյանը:

Իսկ  ինչո՞ւ է ձևավորվել այս շփոթը. ըստ Գևորգ Դանիելյանի՝ գործնականում դատախազները ստանձնում են այնպիսի ոչ դատավարական իրավունքների իրացման գործառույթ, որն ակնհայտ դուրս է իրենց լիազորություններից, ուստի հոգեբանական իներցիայի ուժով դեռ փորձում են ելակետ ընդունել ոչ թե այն, որ իրենք ի սկզբանե այդպիսի լիազորություն չունեին, այլ ինչ-որ մի տեղ էլ իրենց նախկին վարքագիծը արդարացնելու նկատառումով սոսկ փորձում են բացատրել, որ չեն կարող միջամտել, որովհետև գործն իրենց վարույթում չէ:

Արաքս Մամուլյան