Ո՞ւմ մեղքով են հետաձգվում Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստերը

  • Իրավունք - 21 Սեպտեմբերի 2016, 20:40
Երկու ամսից ավելի է`«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստեր տեղի չեն ունենում: ՊՊԾ գնդի գրավումից հետո նշանակված բոլոր նիստերը հետաձգվել են, և հերթականը նշանակված է սեպտեմբերի 27-ին:

Դեռևս նախորդ ամիս այս մասին ահազանգել էր Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ բարձրացնելով այն հարցը, որ խախտվում են կալանքի տակ գտնվող իր պաշտպանյալի իրավունքները: Հայրապետյանը դատական նիստերը հետաձգելու հիմքում տեսնում է  ՊՊԾ գնդի գրավման հանգամանքը, հատկապես որ մինչ ՊՊԾ գնդի գրավումն, ըստ փաստաբանի,  Սաֆարյանի գործով շաբաթվա ընթացքում գրեթե միշտ երկու նիստ էր անցկացվում:

Նիստերը հետաձգելիս դատարանը բոլոր դեպքերում որպես հիմք նշել է այն հանգամանքը, որ Սաֆարյանը չի  ներկայացվել դատարան, մինչդեռ քրեակատարողական հիմնարկը, այդ նիստերից առնվազն երկուսից հետո ի պատախան լրագրողների հարցերի, պարզաբանել է, որ դատարանը չի պահանջել ներկայացնել ամբաստանյալին:

Պարզելու համար առկա հակասության պատճառը՝ հարցում էին ուղարկել Դատական դեպարտամենտ, Քրեակատարողական վարչություն և Ոստիկանության ուղեկցող  գումարտակ՝ հասկանալու համար, թե ի վերջո ո՞ւմ մեղքով կամ  ինչ պայմանավորվածությունների հետևանքով են  հետաձգվում դատական նիստերը:

Դատական դեպարտամենտը ի պատասխան մեր հարցման գրություն է ուղարկել՝ պնդելով, որ նիստերի հետաձգման պատճառը ամբաստանյալին չներկայացնել է՝ միևնույն ժամանակ ուղարկելով դատարանի կողմից Քրեակատարողական վարչությանն ու Ոստիկանության ուղեկցող գումարտակին ուղարկված գրության պատճենները, որոնցում երևում է, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը պահանջել է 2016 թվականի հուլիսի 19-ին, հուլիսի 28-ին և օգոստոսի 25-ին դատարան ներկայացնել ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանին:

Ինչպես պարզվեց Քրեակատարողական վարչության պատասխանից, Նուբարաշեն ՔԿՀ-ն ստացել է դատարանի կողմից ուղարկված գրությունները: Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է  ՔԿՀ-ն ավելի վաղ հայտնել, որ դատավորը չի պահանջել ներկայացնել ամբաստանյալին: Հարցի վերաբերյալ ՔԿՀ-ն պարզաբանում է,  որ գրությունը ստանալուց հետո  այն պետք է պարտադիր կերպով փակվի, այսինքն՝ դրանում երևա, թե այն  ինչ ընթացք է ստացել: Իսկ գրությունը փակել են Ոստիկանության ուղեկցող գումարտակի աշխատակիցները՝ նշելով, որ  «դատավորը չի պահանջել ներկայացնել ամբաստանյալին»: Հենց  սրա հիման վրա է, որ ՔԿՀ-ն նման պատասխան է տվել Սաֆարյանին չներկայացնելու վերաբերյալ լրագրողների հարցերին:

Իսկ թե  ինչի հիման վրա է ոստիկանությունը գրել,  որ դատարանն ամբաստանյալին չի պահանջել, մեզ այս պահին պարզել չհաջողվեց. Ոստիկանությունը, չարաշահելով տեղեկատվության ազատության մասին օրենքի 9-րդ հոդվածով իրեն տրված իրավունքը, ի պատասխան հարցման, գրել է, որ դրան կպատասխանի 30-օրյա ժամկետում:

«Տեղեկատվության ազատության  մասին օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է հարցումը ներկայացնելու և քննարկելու կարգը: Ըստ այդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ մասի՝ «եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»:

Այսինքն՝ Ոստիկանությանը 30-օրյա ժամկետ է անհրաժեշտ՝ պատասխանելու համար այն հարցին, որին Դատական դեպարտամենտը պատասխանել է սահմանված 5-օրյա, իսկ Քրեակատարողական վարչությունը՝ ընդամենը մի քանի րոպեի ընթացքում:

Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է 2016-ի ամանորի գիշերը՝ Ազատության հրապարակում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումից հետո: Ըստ մեղադրական եզրակացություն՝  Սաֆարյանը հարվածել է ոստիկան Գեղամ Խաչատրյանին, մինչդեռ բացի ոստիկանության աշխատակիցներից գործով անցնող մյուս վկաները պնդում են, որ դեպքի օրը ոստիկաններն են հարվածել ամանորի գիշերը ցույցի մասնակից քաղաքացիներին: Դեպքի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ, որոնք, ըստ փաստաբան Տիգրան Հայրապետյանի, քննվում են անհավասար պայմաններում: Դրանցից մեկը, որով Սաֆարյանն անցնում է որպես ամբաստանյալ, քննել է Քննչական կոմիտեն և Սաֆարյանը արդեն շուրջ 9 ամիս  կալանքի տակ է: Մյուս գործը, որը վերաբերում է ոստիկանների կողմից կատարված ապօրինություններին, քննում է Հատուկ քննչական ծառայությունը, և այս գործով որևէ տեղաշարժ մինչ այս պահը չկա:

Արաքս Մամուլյան