Տավուշում մահացած անձն «ընտրությունների է մասնակցել». հանձնաժողովն արձանագրել է խախտումը

  • Իրավունք - 21 Սեպտեմբերի 2016, 20:26
Տավուշի մարզի Այրում համայնքի ընտրություններին մասնակցածների ցուցակում մահացած անձ կա: Այս մասին Lragir.am-ին ասաց համայնքապետի  թեկնածու, փաստաբան Դավիթ Փարսադանյանը: Մահացած անձը, ում անունից քվեարկել են, մարզի՝ արդեն նախկին՝ Պտղավան համայնքի բնակիչ է եղել:

Փարսադանյանն ասաց, որ իր վստահված անձինք վերահաշվարկի դիմումներ են ներկայացրել Այրում համայնքի կազմում ընդգրված երեք համայքների՝ Դեբեդավանի, Դեղձավանի և Պտղավանի ընտրությունների արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ, և արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց թվում նաև վերը նշված դեպքը՝ մահացած անձի քվեարկության վերաբերյալ:

Վերը նշված  երեք համայնքներից երկուսում՝ Պտղավանում և Դեղձավանում համայնքապետ ընտրված Արայիկ Պարանյանն, ըստ ընտրությունների նախնական արդյունքների, հավաքել է ձայների բացարձակ մեծամասնություն, ըստ որում՝ Դեղձավան համայնքում ընտրողների թիվը նախորդ տարվա ընտրությունների համեմատ կտրուկ աճել է:

Փարսադանյանը իր հետագա գործողությոնների վերաբերյալ այլ մանրամասներ կհայտնի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Արաքս Մամուլյան