Գլխավոր դատախազը ձախողեց առաջին քննությունը

    • Իրավունք - 21 Սեպտեմբերի 2016, 16:28
Օրերս գլխավոր դատախազ նշանակված Արթուր Դավթյանը մեկնաբանել է Գյումրիի ողբերգական միջադեպը: Հիշեցնենք, որ երեկ հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու մարմինը:

Մամուլի տեղեկություն է հրապարակվել թեկնածուի որդու եւ ՀՀԿ երիտասարդների միջեւ վիճաբանության մասին: Նշվել է, որ վեճը կապված է ՀՀԿ պաստառի հետ, որի վրա զառ էր պատկերված՝ «հաջողության բանաձեւը» գրությամբ:

Դա ընկալվել է որպես ակնարկ Վարդեւան Գրիգորյանի անցյալին, ով, ըստ գյումրեցիների, երիտասարդ տարիներին հայտնի զառ խաղացող է եղել:

Սակայն սպանության վարկածն ի սկզբանե հերքվել է, եւ առաջադրվել է ինքնասպանության վարկածը: Այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ըստ երեւույթին, «վերջակետ է» դրել հետաքննությունում՝ հայտարարելով, որ միջադեպը կապ չունի Գյումրիի քաղաքական գործընթացների հետ, եւ դա, ամենայն հավանականությամբ, ինքնասպանություն է:

Գյումրիում բոլոր կուսակցությունները դադարեցրել են նախընտրական քարոզարշավը: Երիտասարդի ողբերգական մահը ցնցել է բոլորին, եւ յուրաքանչյուր ոք մտածում է, թե արժե արդյոք իշխանությունում տեղի եւ հացի կտորի համար սպառնալիքի տակ դնել սեփական  երեխաների կյանքը:

Հայաստանում տեղական ընտրություններն աչքի են ընկել երկու արյունալի միջադեպերով: Սեպտեմբերի 18-ի ընտրություններից առաջ Էջմիածնում դաժան ծեծի է ենթարկվել քաղաքապետի թեկնածուն, եւ չնայած քրեական գործ է հարուցվել, կարելի է նկատել, որ գործը ներկայացվում է որպես ինքնապաշտպանություն, իսկ կռվին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մասնակցությունն առհասարակ թաքցվում է:

Հիմա էլ Գյումրիում ավելի ողբերգական դեպք է տեղի ունեցել. երիտասարդ է մահացել, եւ մեկ օր էլ չի անցել, իսկ գլխավոր դատախազը դեպքն ինքնասպանություն է որակում, որպեսզի սպանողներ չփնտրի:

Հնարավոր է, դա իրոք ինքնասպանություն էր, սակայն, դեպքն այնքան աղաղակող է, որ լավ կլիներ գլխավոր դատախազն ավելի զգույշ լիներ գնահատականներ հնչեցնելիս: Գյումրիում մարդիկ դեռ ուշքի չեն եկել Ավետիսյանների ընտանիքի սպանությունից: Մարդկանց ցնցել է ոչ միայն սպանության դաժանությունը, այլ նաեւ հայ իրավապահների ու դատավորների դիրքորոշումը, որոնք կատարել են Մոսկվայի հրահանգները:

Արթուր Դավթյանը կդիմանա՞ առաջին քննությանը: Առայժմ նա «ձախողված պատասխաններ» է տալիս, որովհետեւ քննություն է տալիս իշխանության, այլ ոչ թե հանրության առաջ: Հայաստանին խորհրդարանական ընտրություններ են սպասվում, եւ, ամենայն հավականությամբ, նա դեռ պետք է դժվար հարցերի պատասխան տա: