«Դրանից հետո Հայկազը սկսեց «սիլավոյ» աշխատել». Գեներալ Բաղմանյանը բիզնես է խլել. ՀԺ

  • Իրավունք - 21 Սեպտեմբերի 2016, 09:36
«Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը 2007 թվականի ամռանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ համաձայնության է գալիս, որպեսզի իրեն պատկանող գործարանի տարածքում համատեղ գազալցակայան կառուցեն:

Թաթուլ Բաղդասարյանը Armtimes.com-ին պատմեց, որ Հայկազ Բաղմանյանը սկզբում իր օգնականի միջոցով է պայմանավորվել, իսկ երբ տարածքն արդեն ուսումնասիրել է, կապ է հաստատել նրա հետ, որից հետո նրանք հանդիպել են: Պայմանավորվել են, որպեսզի 70/30 հարաբերակցությամբ կիսեն ապագա բիզնեսի շահույթը (70 տոկոսը՝ Հայկազ Բաղմանյանին): Դրանից հետո, Թաթուլ Բաղդասարյանը փորձել է իրենց բիզնեսի փաստաթղթավորումն անձամբ իրականացնել, սակայն որևէ պետական կառույց նրան գազալցակայան կառուցելու և շահագործելու թույլտվություն չի տվել: Եվ, օրերից մի օր Բաղդասարյանը տեղեկացել է, որ իրավունք ունեն գազալցակայանը գործարկեն առանց որևէ իրավական փաստաթղթի:

«Դրանից հետո Հայկազը սկսեց «սիլավոյ» աշխատել և 2007 թվականի դեկտեմբերի 31-ին գազալցակայանը շահագործվեց առանց որևէ փաստաթղթի, առանց թույլտվության՝ իրեն բնորոշ»,- ասաց Թաթուլ Բաղդասարյանը:

Շահագործումից երեք ամիս անց, սակայն Բաղդասարյանին չի հաջողվում Հայկազ Բաղմանյանից ստանալ շահույթի իր մասնաբաժինը: Այս հենքի վրա նրանց հարաբերությունները լարվում են:

2008 թվականի մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 7-ին, Հայկազ Բաղմանյանը զանգահարում է Թաթուլ Բաղդասարյանին և հանդիպում պահանջում: Նրանք հանդիպում են Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող նախկին «Բեսթ» սուպերմարկետի դիմաց: Պայմանավորվում են, որ ևս երկու ամիս կանցնի և շահույթը նախկին պայմանավորվածության համաձայն կբաշխեն, քանի որ Բաղմանյանն իբր վարկով է գազալցակայանը շահագործել և ֆինանսական որոշ խնդիրներ են առկա: Անցնում է այդ երկու ամիսն էլ, սակայն Հայկազ Բաղմանյանն իր խոստումը չի կատարում, իսկ Թաթուլ Բաղդասարյանը դիմում է «ՀայՌուսգազարդ» ընկերությանը՝ պահանջելով դադարեցնել իր տարածքի գազամատակարարումը:

Այդ ժամանակ «ՀայՌուսգազարդ»-ի տնօրենը դեռևս ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանն էր և հենց նրա անունով էլ Թաթուլ Բաղդասարյանը դիմում է գրում: Սակայն, Կարեն Կարապետյանի տեղակալը նրան պատասխանում է, որ իր ղեկավարած ընկերությունում բաժնետերերի վեճ կա, որը գտնվում է դատարանում և միայն վեճը հարթելուց հետո կդադարեցվի գազամատակարարումը: Թաթուլ Բաղդասարյանը փորձում է դիմել ՀԷՑ, որպեսզի հոսանքազրկեն գազալցակայանը, սակայն կրկին ապարդյուն:

Թաթուլ Բաղդասարյանի խոսքով՝ Հայկազ Բաղմանյանը դիմում է դատարան, որի միջոցով փորձում է իրեն պարտավորեցնել Բաղմանյանի ընկերության հետ 99 տարվա պայմանագիր կնքել, որպեսզի գույքը դառնա նրա սեփականությունը: Դրան զուգահեռ էլ Մարտունի քաղաքի ավագանին որոշում է կայացնում, համաձայն որի Բաղդասարյանի հողատարածքը համարվում է համայնքային սեփականություն: Ավագանու որոշումն էլ վիճարկելու համար Բաղդասարյանը դիմում է վարչական դատարան: Դատարանն հօգուտ Բաղդասարյանի է վճիռ կայացնում, իսկ Հայկազ Բաղմանյանը դիմում է Վճռաբեկ դատարան, որն էլ որոշում է Թաթուլ Բաղդասարյանի մասով գործը կարճել, իսկ ավագանու որոշումը թողնել ուժի մեջ:

«Հայկազ Բաղմանյանը 2015 թվականի սկզբին վաճառել է գազալցակայանը երեք հոգու, որոնցից մեկը «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանն է, մյուս նրա տեղակալն է՝ Ալբերտ Խաչատրյանը, իսկ երրորդ բաժնետերի անունը հաջորդ անգամ կասեմ»,- ասաց Թաթուլ Բաղդասարյանը՝ նշելով, որ որևէ մեկից չի վախենում և պաքարելու է իր ունեցվածքը վերադարձնելու համար:

«Եվրոպական դատարան էլ եմ գնալու, կառավարությունը պարտավոր է իմ սեփականությունը վերադարձնի: Հայկա՛զ, իմ երեխաների հաշվին քո երեխաներին մի մեծացրու: Խիղճ ունեցիր, մարդկանց գումարը հետ տուր և իմ տարածքն էլ վերադարձրու»,- հայտարարեց Թաթուլ Բաղդասարյանը և դիմեց նորանշանակ վարչապետին՝ խնդրելով հանդիպում, որպեսզի մանրամասն ներկայացնի խնդիրը՝ ակնկալելով նրա միջամտությունը՝ իրենից խլված բիզնեսը հետ վերադարձնելու հարցում», գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում