Զավեշտալի դեպք. Ըստ արագաչափի տվյալի՝ քաղաքացին սլացել է... 600 կմ/ժամ արագությամբ

  • Իրավունք - 20 Սեպտեմբերի 2016, 19:55
Արդեն տարիներ է ինչ Ճանապարհային ոստիկանության կողմից երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում ներդրվել և կիրառվում են տեսա և լուսանկարահանող սարքերն, իսկ վարչական ակտերն էլ (հայտնի տուգանքները) կազմվում են դրանց կողմից արձանագրված փաստերի հիման վրա:

Այս սարքերի շահագործման ընթացքում արդեն սովորական են դարձել անգամ ամենաանհավանական ու զավեշտալի վարչական տուգանքները, որոնցից յուրաքանչյուրը թեև առանձին դեպք է, սակայն կարող է մատնանշել վարորդների համար խիստ մտահոգիչ ընդհանուր այնպիսի խնդիրներ, որոնց առկայության դեպքում կասկածելի է դառնում այդ սարքերի շահագործումն ընդհանրապես:

Այսպես, օրինակ,Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերից մեկը ցանցում էր տեղադրել միևնույն անձի նկատմամբ միևնույն օրը և ընդամենը 5 րոպե ժամանակային տարբերությամբ արագաչափ սարքով արձանագրված արագության գերազանցման փաստով կազմված տուգանքի երկու որոշումներ (https://web.facebook.com/groups/248831478612621/):

Ըստ այդ որոշումների քաղաքացին մեկ անգամ գերազանցել էր երթևեկության սահմանված արագությունը ՀՀ M3 միջպետական ավտոճանապարհի 94.1 կմ հատվածում՝ Գեղարոտ գյուղում (ըստ վարչական ակտի հենց այս հատվածում տեղադրված արագաչափի կողմից է արձանագրվել արագության գերազանցումը) 08.08.16թ.-ին ժամը 01:10-ին, իսկ երկրորդ անգամ նույնպես գերազանցել է սահմանված արագությունը նույն օրը, պարզապես 5 րոպե անց՝ ժամը 01:15-ին, նույն միջպետական M3 ավտոճանապահրի արդեն 42.3 կմ հատվածում՝ Կարբի գյուղում (ըստ վարչական ակտի հենց այս հատվածում տեղադրված արագաչափի կողմից է արձանագրվել արագության գերազանցումը):

Ստացվում է, որ ըստ Ճանապարհային ոստիկանության, քաղաքացին իր վարած տրանսպորտային միջոցով 51.8 կմ հեռավորությունն անցել է ոչ ավել ոչ պակաս քան 5 րոպեների ընթացքում, նույնն է թե 0.083 ժամում (5 րոպե / 60 րոպե = 0.083 ժամ):

ՃՈ կողմից արձանագրվածից կարելի է հետևություն անել, որ քաղաքացին իր տրանսպորտային միջոցով ընթացել կամ ավելի ճիշտ սլացել, սուրացել է ուղիղ 624.09 կմ/ժ արագությամբ (51.8 կմ / 0.083 ժամ = 624.09 կմ/ժ):

Այլ կերպ քաղաքացին իր տրանսպորտային միջոցով պարզապես չէր հասցնի «նկարվել» մեկ Գեղարոտ և մեկ էլ Կարբի գյուղերում 5 երկար ու ձիգ րոպեների ընթացքում:

Հասկանալի է, որ ընթերցող քաղաքացիներից թերևս ոչ ոք չի հավատա և նույնիսկ անհեթեթ կհամարի նկարագրված իրավիճակը:

Բացառություն կարող է կազմել թերևս ՃՈ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի ավագ տեսուչ Աշոտ Մանուկյանը, ով հենց ինքն էլ նույն օրը՝ 26.08.16թ.-ին կազմել է քաղաքացու նկատմամբ նշված արձանագրությունները:

Կարելի է ենթադրել միայն, որ կենտրոնի ոչ սովորական, այլ ավագ տեսուչ Աշոտ Մանուկյանն այնքան պարզ և դյուրահավատ անձնավորություն է, որ դույզն ինչ կասկածի տակ չի առնում տեղնիկական ինչ որ երկու միջոցների աշխատանքի արդյունքը և, հավանական համարելով որևէ վերգետնյա տրանսպորտային միջոցով և այն էլ Հայաստանյան M3, ակնհայտորեն ճանապարհաշինության հրաշք չհանդիսացող միջպետական ճանապարհով 624.09 կմ/ժ արագությամբ ընթանալու հնարավորությունը, որոշում է տուգանել քաղաքացուն արագության գերազանցման երկու փաստերով էլ:

Կարծում ենք որ Աշոտ Մանուկյանն ուղղակի դարձել է բոլորին և հնարավորինս շատ տուգանելու ՃՈ ընդունված մոտեցման զոհը, կամ ընդամենը սխալվել է:

Այս սխալը հնարավոր է ուղղել. Քաղաքացին թերևս կբողոքարկի այս վարչական ակտերն, իսկ ՃՈ պետի կողմից դրանք անվավեր կարվեն:

Այստեղ առավել մտահոգիչ է մեկ այլ հանգամանք:

Արդյոք ճիշտ են աշխատում ՀՀ ում գործող այլ արագաչափ սարքերը, կամ քանի քաղաքացի է տուգանքի ենթարկվել և վճարել հենց այս՝ Գեղարոտ և Կարբի գյուղերում շահագործվող արագաչափ սարքերի աշխատանքի արդյունքում: Չէ, որ եթե դրանք կարողանում են ֆիքսել վերը նկարագրվածի պես իրավիճակներ, ապա խիստ հավանական է, որ այդպես են ֆիքսվում նաև այլ ենթադրյալ իրավախախտումներ: Ի վերջո պետք է բախտ ունենալ միանգամից երկու արագաչափերի կողմից «նկարվելու» համար, որպեսզի հնարավոր լինի ապացուցել արագաչափ սարքերի կողմից առնվազն խախտման ժամանակի ակնհայտ սխալ արձանագրման փաստը:

Պատկերացնել անգամ անհնար է, թե ինչպես քաղաքացին կարող է համոզել Ճանապարհային ոստիկանության որևէ աշխատակցի այն հարցում որ ինքը նշված ժամին նշված արագաչափի տեղակայման վայրում չի գտնվել այն դեպքերում, երբ դա կլինի ընդամենը մեկ արագաչափի կողմից արձանագրված դեպք:

Ստացվում է, որ մենք բոլորս չգիտենք, թե որ դեպքում են մեզ արդարացիորեն տուգանել արագության գերազանցման համար (երբ է սարքը գտնվել լիարժեք սարքին վիճակում) և որ դեպքում՝ ոչ (երբ է այն թերություններով աշխատել):

Նկարագրված դեպքը միակը չէ իհարկե: Մեզ հայտնի է, որ ՃՈ պետի կողմից, քաղաքացու ներկայացրած բողոքի հիման վրա վերացվել են երկու վարչական ակտեր, որոնցով արձանագրվել է, թե քաղաքացին նույն օրը նույն ժամին և նույն րոպեին գերազանցել է երթևեկության սահմանված արագությունը մեկ անգամ Երասխ գյուղում (արձանագրվել է այսպես կոչված Yeraskh արագաչափի կողմից) և ևս մեկ անգամ էլ Արմաշ գյուղի տարածքում (արձանագրվել է այսպես կոչված Armash արագաչափի կողմից): Փաստորեն այս դեպքում էլ, ըստ արագաչափ սարքերի, մեքենան սուրացել է անսահմանության ձգտող արագությամբ, այլապես հնարավոր չէր լինի նույն պահին «նկարվել» երկու տարբեր վայրերում:

Հայտնի է նաև դեպք երբ քաղաքացին տուգանվել է Երևան քաղաքում ասենք օրինակ ժամը 17:59:12 –ին այնպիսի մի վայրում և երթևեկության արագության սահմանված այնպիսի ռեժիմի խախտման համար, որը գործում էր մինչև ժամը 18:00-ն: Թե քանիսն են այսպիսի դեպքերն ընդհանրապես, արդյոք այս դեպքում ևս գործ ունենք սարքի սխալ աշխատանքի հետ և թե ինչպիսին կլինի այսպիսի վարչական ակտերի ճակատագիրը՝ մեզ դեռ հայտնի չէ:

ԷԴԳԱՐ ԲԱԼԱՅԱՆ