«Հայրս երբեք իր հետ չի համագործակցել իր կեղտոտ գործերում». Սասնա ծռեր խմբի անդամի ընտանիքին բնակարան չեն տվել

    • Իրավունք - 20 Սեպտեմբերի 2016, 19:13
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի բնակիչ Զարուհի Հակոբյանն ահազանգում է իր ընտանիքի բնակարանի հարցով իրենց հանդեպ տեղի ունեցած անարդարության մասին և ակնկալում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի միջամտությունն այս գործին:

Զարուհի Հակոբյանն ազատամատիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի դուստրն է: Lragir.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ 1994 թվականից ապրում են Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում՝ վերաբնակեցման գոտում: Վթարային շենքը, որտեղ այս ընտանիքն ապրել է, պատկանում է համայնքին:

«2009 թվականից մեր համայնքում գտնվող մի այգի ունեինք, որտեղ որևէ շինություն չկար, փլատակ էր: Մենք այդ տարածքը սեփականաշնորհեցինք, մտածեցինք, որ տեղում երկու տուն կկառուցենք, իսկ համայնքին պատկանող տարածքը կվերադարձնենք համայնքին: 2012 թվականին սկսվեցին խոսակցությունները, որ նոր թաղամաս են կառուցում գյուղում, իսկ 2013 թվականից տարածքի շինարարությունն սկսվեց»,- ասաց նա:

Այս ընտանիքի սեփականաշնորհած տարածքը վերաբնակեցման գոտու տարածքում է եղել, ակնկալել են, որ այդ տարածքում իրենց համար տուն է կառուցվելու: Այնինչ, Զարուհի Հակոբյանի խոսքով, քարտեզի համաձայն՝ իրենց սեփականություն հանդիսացող տարածքն ապագայում մարզադաշտ է լինելու:

Տարածքի բնակարանաշինության ծրագրի առաջին փուլն ավարտվել է: Սեպտեմբերի 3-ին այստեղ բնակարանամուտ է տոնել 16 ընտանիք, ևս 7 ընտանիք բնակարանի հանձնման փուլում է: Իսկ Հակոբյանների ընտանիքին բնակարան չեն տվել:

«Մինչ այդ, երբ գյուղում սկսել էին բոլորի գործերը հավաքել, ես էլ իմն էի տվել, ովքեր այնտեղ սեփականություն ունեին, գրում էին, որ՝ պատրաստ ենք մեզ տրամադրվելիք բնակարանի դիմաց հրաժարվել մեզ սեփականությամբ պատկանող տարածքից: Ես էլ եմ այդպես գրել ու ներկայացրել: Բայց տարածքի հատակագիծը գծելիս փլատակի փոխարեն գրել են, որ այդտեղ տուն է եղել: Հիմա մեզ ասում են՝ կարող է դու քանդել ես: Բայց դա պարզելը շատ հեշտ է, թող պարզեն»,- նշեց նա:

Տարածքում իրենց բնակարաններին սպասող ընտանիքներին պաշտոնապես ասել են, որ շինարարության հաջորդ փուլերն էլ են լինելու, որոնց շրջանակներում կլուծվի մյուս ընտանիքների բնակարանային հարցը: “Հիմա կարող է մի հինգ տարի այդ տարածքում շինարարություն չլինի, և իրենք փաստացի արգելք են հանդիսանում, որ մենք մեր տարածքը չենք կարողանում օգտագործել”,- իր մտահոգությունը հայտնեց Զարուհի Հակոբյանը:

Նա նշեց, որ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանից օրերս հետևյալ պատասխանն է ստացել, որ այդ տարածքում շինարարական աշխատանքներ չեն կատարվում, եթե կատարվեն, ընտանիքին բնակարանային հարցի լուծման խնդրում կընդառաջեն:

“Բայց այստեղ այդ կանոնը չի գործում: Երբ այդ 16 բնակարանները բաժանվեցին, բոլոր ընտանիքներից միայն 6-ի հողատարածքներում է շինարարական աշխատանք կատարվել, մյուսների հողատարածքում շինաշխատանք չի կատարվել, բայց նրանց բնակարան են տվել: Եվ բացի այդ, ցուցակներում կան ընտանքիներ, որոնք ընդհանրապես 2000 թվականից հետո են հայտնվել համայնքում: Իսկ մենք 1994 թվականից վերաբնակեցման գոտում ապրում ենք, բայց փաստորեն մինչև հիմա վերաբնակեցված չենք”,- նշեց նա:

Զարուհի Հակոբյանը կարծում է, որ իր ընտանիքի նկատմամբ այս վերաբերմունքը իր հոր գործունեության հետ է կապված: Նա նամակ է գրել Արցախի նախագահ Բակո Սահակյանին, սպասում է պատասխանի, որպեսզի համոզվի՝ հուլիսյան դեպքերի հե՞տ է սա կապված, ընդհանրապես անձնական հարց կա՞ այստեղ, թե ոչ:

“Ես վստահ եմ, որ դա մեր մարզպետի ինքնագործությունն է, որովհետև ինքը նախկինում լինելով մեր շրջանի ոստիկանապետը՝ միշտ իմ հայրիկի հետ ինչ-որ հաշիվներ է ունեցել: Հայրս լինելով համայնքի ղեկավար՝ երբեք իր հետ չի համագործակցել իր կեղտոտ գործերում”, ասաց նա: