Փաստեր պետք չեն, տուգանել է պետք

  • Իրավունք - 01 Մարտի 2016, 13:40
Նախ, կարճ տեղեկանք Հայկական Ծրագրեր Ընկերության մասին.

Ստեղծվել է 1987թ., ունի 150 աշխատակից: Զբաղվում է բանկային, հաշվապահական, առևտրական համակարգեր մշակելով, ներդնելով և սպասարկելով: Ունի մոտ 4200 Պատվիրատու: Հայաստանի մոտ 8000 կազմակերպությունների հաշվառումը վարվում է մեր համակարգերով:

2015թ. Խոշոր հարկատուների ցուցակում, հարկային մարմինների կողմից հավաքագրված վճարներով, 111-րդն է: Մեկ աշխատակցին ընկնող վճարված հարկերով` 31-րդը:

Հիմա բուն խնդրի մասին.

01.04.2015թ. մենք վերանայեցինք մեր որոշ համակարգերի սպասարկման գները: Որոշ համակարգերի գներ բարձրացվեցին, իսկ որոշներինը իջեցվեցին: Բարձրացրեցինք ՀԾ-Հաշվապահ համակարգի սպասարկման գինը: Այդ մասին նամակով հայտնեցինք մեր մոտ 4000 պատվիրատուների, այդ թվում Հայաստանի Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովին (ՀՏՄՊՊՀ), որը ևս օգտագործում է այդ համակարգը: Որևէ մեկից առարկություն չստացանք, այդ թվում ՀՏՊՊՀ-ից:

Սակայն, 30.04.2015թ. ՀՏՄՊՊՀ-ց ստացանք նամակ, որ «մեր գրության հիման վրա, մեր ծրագրերի սպասարկման ոլորտում, ուսումնասիրություն է անցկացվում»: Եւ մեզնից պահանջեցին բազմաթիվ տեղեկություններ և գնի թանկացման հիմնավորումներ:

Համաձայն ՀՀ Տնտեսական պաշտպանության մասին Օրենքի, գների թանկացումը պետք է հիմնավորի որևէ շուկայում գերիշխող դիրք ունեցողը: Սակայն, առանց շուկան սահմանելու, այդ շուկայում մեր գերիշխող դիրքը քննարկելու, Հանձնաժողովը մեզնից պահանջում է գերիշխողի կողմից գների թանկացման հիմնավորում:

18.06.2015թ. ՀՏՄՊՊՀ-ն հարուցեց վարույթ, հետևյալ ձևակերպմամբ` «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ կողմից Օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ հարուցել վարչական վարույթ»:

Մենք հարցրեցինք, Օրենքի, որ հոդվածի, որ մասով է հարուցված վարույթը: Մեզ պատասխանեցին` «Այ հենց դա, պետք է պարզենք վարույթի ընթացքում»:

Եւ շարունակեցին մեզնից տեղեկություններ պահանջել:

Ուսումնասիրությունը սկսելուց չորս ամիս և վարույթը սկսելուց երկու ամիս անց,  մենք հարցրեցինք.

1. Մեր նկատմամբ հարուցված վարույթը օրենքի ո՞ր հոդվածի, ո՞ր մասով է:

2. Վարույթը հիմա ո՞ր փուլում է գտնվում:

Մեզ պատասխանեցին` «վարույթը հարուցվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության ՀՀ օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ և գտնվում է ընթացիկ փուլում»:

Չորս ամիսը բավական չէր հանձնաժողովին պարզելու, թե Օրենքի ինչ խախտում է նկատել և ինքը ինչ է քննարկում:

Վարույթի հետագա ընթացքը ավելի վրդովեցնող է:

Ըստ օրենքի, վարույթի առավելագույն ժամկետը 90 օր է, և հենց 90-րդ օրը Հանձնաժողովը ընդունում է որոշում, որտեղ մասնավորապես գրված է`

«Վարչական վարույթի ընթացքում Հանձնաժողովի ուսումնասիրությունը ծավալվել է երկու ուղղություններով` մի կողմից համապատասխան ապրանքային շուկայի հատկորոշման, այդ շուկայում Ընկերության գերիշխող դիրքի առկայությունը պարզելու և մյուս կողմից` ենթադրյալ գերիշխող դիրքի չարաշահման դրսևորումը բացահայտելու»:

Այսինքն, նախատեսված 90 օրվա ընթացքում, Հանձնաժողովը դեռևս չի սահմանել շուկան, չի հաստատել Ընկերության գերիշխող դիրքն այդ շուկայում, բայց կենտրոնացել է «ենթադրյալ գերիշխող դիրքի չարաշահման դրսևորումը բացահայտելու» վրա: Իհարկե անիմաստ է քննարկել չհաստատված գերիշխող դիրքի չարաշահումը, բայց նույնիսկ այս հանգամանքներում, հանձնաժողովը չունի չարաշահման ապացույց և վարույթի վերջին` 90-րդ օրը ընդունում է փայլուն որոշում.

1. Վարույթը կասեցվում է:

2. Մեզնից պահանջում են նոր տեղեկություններ, որոնք ուղղված են, ոչ թե շուկայի ուսումնասիրությանը, այլ մեր ենթադրյալ գերիշխող դիրքի չարաշահումը ապացուցելուն:

Ըստ օրենքի` վարույթը կասեցվելու դեպքում, ժամանակի հաշվարկը և բոլոր գործողությունները դադարեցվում են: Այդ ժամանակ միայն մի բան կարող է տեղի ունենալ, դա վարույթը վերսկսելու որոշումն է:

Վարույթը կասեցնելուց անմիջապես հետո, ՀՏՄՊՊՀ-ն մեզ հանձնարարություններ է տալիս, ինչի իրավունքը չունի, իսկ կասեցնելուց 5 ամիս հետո հանձնաժողովը սկսում է անհանգստացնել նաև մեր գործընկերներին: Նա հարցում է ուղարկում մեր հարյուրից ավել գործընկեր կազմակերպությունների, պահանջելով տեղեկություններ մեր մասին և սպառնալով միչև հինգ միլիոն դրամ տուգանքով: Այսպիսով գործից շեղելով նաև նրանց:

Այս գործելաոճով, օրենքով նախատեսված 90 օրը, կարելի է դարձնել 900 օր կամ 9000 օր:

Եվ վերջապես, վարույթը կասեցնելուց 5 ամիս անց, հանձնաժողովը, առանց կասեցված վարույթը վերսկսելու և ավարտելու, մեր դեմ սկսում է նոր վարույթ` «ՆԱԽՈՐԴ վարույթի կասեցման ժամանակ պահանջած տեղեկությունը չտալու համար և տուգանում է մեզ 2,000,000 դրամի չափով»:

ՀՏՄՊՊՀ-ն կոպիտ կերպով խախտում է Օրենքը: Հիմա մենք, նորից, դատարաններում զգալի ժամանակ ենք ծախսելու այս անօրենության դեմ պայքարելու վրա:

Քանի որ, մեզ փորձում են վերագրել գերիշխող դիրք և գների հիմնավորում են պահանջում, պետք է կարճ նկարագրել Տեղեկատվական Տեխնոլոգիաների շուկայի և գնային քաղաքականության առանձնահատկությունները:

Եթե, օրինակ` շաքարի կամ հացի կամ ձեթի շուկայում մոնոպոլիստը բարձր գին սահմանի, քաղաքացին չի կարող օրվա շաքարը, հացը կամ ձեթը գնել, ասենք, Թբիլիսիից:

Իսկ ՏՏ ոլորտում կարելի է աշխարհի ցանկացած երկրի ցանկացած մշակողից համակարգ ձեռք բերել և սպասարկվել:

Աշխարհում կա ձեռնարկությունների ավտոմատացման մեկ գլոբալ շուկա:

Սա բացարձակ մրցակցային շուկա է: Այստեղ որևէ մեկի գերիշխող դիրքի մասին խոսելն իսկ անիմաստ է:

Այդ շուկան միայն խիստ պայմանական կարելի է բաժանել, ասենք, բանկային- հաշվապահական-առևտրային համակարգերի շուկաների, որովհետև դրանք խիստ սերտաճած են: Առավել ևս, հնարավոր չի սահմանել տարածաշրջանային կամ ազգային շուկաներ: Բայց եթե, նույնիսկ, խիստ արհեստական, սահմանենք Հայաստանի հաշվապահական համակարգերի շուկա, այդտեղ կա 91 000 էլեկտրոնային հաշվետվություն հանձնող, այսինքն, այդքան է շուկայի մեծությունը: Մենք ունենք մոտ 4200 վաճառք, այսինքն` զբաղեցնում ենք շուկային ոչ ավել քան 5 տոկոսը: Ոչ մի կերպ գերիշխող դիրք չի ստացվում:

Եվ ահա, Հանձնաժողովից ստացված հերթական նամակում տեսնում ենք այսպիսի ձևակերպում.

«Ընկերությունն իր ծրագրերի մատակարարման և սպասարկման ոլորտում, ըստ նախնական հետազոտության կարող է զբաղեցնել գերիշխող դիրք»:

Սա բացառիկ անհեթեթություն է: Մենք մեր համակարգերի մատակարարման և ծրագրային սպասարկման ոլորտում, ոչ թե գերիշխող, մենք բացարձակ մենաշնորհ դիրք ունենք: Յուրաքանչյուր ծրագրավորման ընկերություն միայն ինքը կարող է կատարել իր համակարգերի մշակումը, վաճառքը, զարգացումը և կոդի սպասարկումը:

Այս մոտեցումով բոլոր ծրագրավորման ընկերություններին կարելի է մոնոպոլիստ ճանաչել:

Ավելին` այս մոտեցումով ցանկացած ընկերության կարելի է մոնոպոլիստ ճանաչել:

Օրինակ` Մերսեդեսը ունի Մերսեդես մակնիշի մենաշնորհ, ԲՄՎ-ն ԲՄՎ մակնիշի, Տոյոտան Տոյոտայի և այլն: Այսպիսով, Հայաստանի ավտոշուկայում կլինեն մի 40-50 մոնոպոլիստներ:

ՀՏՄՊՊՀ-ն ուղղակի չգիտի ինչպես է պետք շուկա սահմանել:

Գների հիմնավորման պահանջի մասին.

ՏՏ ոլորտում, սկզբունքորեն անհնար է հաշվել որևէ կոնկրետ համակարգերի վրա կատարած ծախսերը: Պատճառները շատ են`

- Աշխատակիցները զուգահեռ աշխատում են տարբեր համակարգերի վրա և հնարավոր չէ հետևել, ով, որ համակարգի վրա ինչքան է աշխատել:

- Նույնիսկ այն ժամանակ, երբ մարդն աշխատում է մի համակարգի վրա, գործնականում հնարավոր չէ բաժանել թե նրա աշխատանքի որ մասն է ծախսվում ծրագրավորման, որը ներդրման, որը սպասարկման վրա և այլն:

- Կան ենթածրագրեր, որոնք օգտագործվում են մի քանի համակարգերում և հնարավոր չէ գնահատել, որում ինչ ներդրում ունեն:

- Ընկերությունում կան ներքին ծառայությունների բաժիններ, օրինակ` համակարգային ադմինների, տեստավորողների, CRM-ի և այլն: Եվ նրանց աշխատանքը ևս գործնականում անհնար է բաժանել առանձին համակարգերի վրա:

- Նախորդ աշխատանքների փորձն օգտագործվում է նոր մշակումների վրա և այդ փորձի արժեքը հնարավոր չէ գնահատել:

- Ծրագրային համակարգերը փոխկապակցված են ոչ միայն մշակման այլ նաև մարկետինգի, վաճառքի, սպասարկման և վճարի հավաքման ժամանակ:

- Եվ այլն..

Եթե հանկարծ, մի ըներություն փորձի ճիշտ հաշվարկել ծախսերը, նա ստիպված կլինի մեծացնել աշխատակազմը, աշխատանքի արագությունը կընկնի, իսկ արժեքը մի քանի անգամ կաճի: Նույնիսկ այս դեպքում հաշվարկը կլինի խիստ մոտավոր և անօգուտ:

ՏՏ ոլորտում ընկերություններ գները սահմանում են հիմնվերով բացառապես իրենց փորձի վրա: Առաջարկի և պահանջարկի մասին իրենց պատկերացման վրա: Շուկայի փոփոխման, աճելու կամ նվազելու իրենց կանխատեսումների վրա:

Այս մրցակցային շուկան մեծ ճշտությամբ կարգավորում է գները: Եթե մի ընկերություն փորձի անընդունելի բարձր գներ սահմանել, ապա արագ դուրս կթռնի շուկայից: Եթե ցածր գներ սահմանի, վնասներ կկրի:

ՀՏՄՊՊՀ-ն, գների հիմնավորում պահանջելով, ցույց է տալիս, որ բոլորովին չի պատկերացնում ՏՏ ոլորտի գնային քաղաքականության առանձնահատկությունները:

Համաշխարհային ՏՏ շուկայում դաժանագույն մրցակցություն է ընթանում: Այստեղ բոլոր երկրները աշխատում են օգնել իրենց ընկերություններին: Մրցակցության պաշտպանության օրենքները բավական սուբյեկտիվ կիրառվում են ընդեմ օտարերկրյա ընկերությունների: Օրինակ` Կորեան տուգանում է Apple-ին, ԱՄՆ-ն տուգանում է Samsung-ին, Եվրոպան տուգանում է Google-ին և այլն:

Շատ արտասահմանյան համակարգեր Հայաստան են բերվում պաշտպանությունը կոտրված և վաճառվում ու սպասարկվում են ստվերում: Սա մեծ հարված է տեղական արտադրողին: Հայաստանում, այս ոլորտում, լուրջ խնդիր կա: Իսկ ՀՏՄՊՊՀ-ն իրական խնդիրը թողած, հետապնդում է օրինական դաշտում աշխատող տեղական առաջատար ընկերությանը:

Հայկական Ծրագրեր Ընկերությունը 10-րդ ամիսն է, ահռելի էներգիա, ժամանակ, ներվեր և ֆինանսներ է ծախսում ՀՏՄՊՊՀ բացահայտ անօրինության դեմ պայքարելով:

Մեզ զարմացնում է ՀՏՄՊՊՀ խաթարված պատկերացումները շուկայի, մանավանդ բարձր տեխնոլոգիաների շուկայի մասին, գործարարության մասին, մրցակցության և մրցակցության պաշտպանության մասին:

Մեզ վրդովեցնում է այն բացահայտ թշնամանքը, որը ՀՏՄՊՊՀ-ն ցուցադրում է հայկական ընկերության նկատմամբ:

Ես նայել եմ նրանց կայքում դրված համարյա բոլոր վարույթները: Նրանց վարույթներում չկա որևէ ձեռնարկության մրցակցային իրավունքները պաշտպանելու գոնե մի դեպք:

ՀՏՄՊՊՀ-ն կարծում է, թե իր գործը, ամեն գնով, ձեռնարկություններին տուգանելն է: ՀՏՄՊՊՀ-ն կարծում է, թե իր համար անպատվություն կլինի, եթե հանկարծ որևէ ընկերության չկարողանա տուգանել:

Համոզված ենք, պետք է լուրջ վերանայել Հայաստանում մրցակցության պաշտպանության քաղաքականությունը և ՀՏՄՊՊՀ դերը այդտեղ:

Չի կարելի հանդուրժել, որ մրցակցության պաշտպանությունն ապահովելու համար ստեղծված պետական կառույցը խանգարի ձեռնարկությունների աշխատանքին, այդպիսով խոչընդոտելով մրցակցությանը:

Աշոտ Խաչատրյան, Հայկական Ծրագրեր Ընկերության նախագահ

Ամենաընթերցվածը